Տիխանովսկայան ակնկալում է, որ ԱՄՆ-ն կխստացնի ճնշումը Բելառուսի իշխանությունների վրա
ԱՄՆ ժամանած բելառուսական ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան հույս ունի, որ Վաշինգտոնը կխստացնի ճնշումը Մինսկի վրա: Այս մասին նա հայտարարել է CNN-ի եթերում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Խոսելով ԱՄՆ պաշտոնյաների հետ առաջիկա հանդիպումների և այն մասին, թե ինչ է նա մտադիր խնդրել ամերիկյան կողմին, Տիխանովսկայան ասել է. «Կարծում եմ, որ ԱՄՆ-ն բարոյական պարտավորություն ունի լինել մեզ հետ: Ես մի կողմից խնդրում եմ Միացյալ Նահանգներին օգնել քաղաքացիական հասարակությանը գոյատևելու, մյուս կողմից, մենք հասկանում ենք, որ առանց ռեժիմի վրա ճնշում գործադրելու, առանց քաղաքական և տնտեսական մեկուսացման, շատ ավելի դժվար կլինի հասնել մեր նպատակներին»,- ավելացրել է Տիխանովսկայան:
Նա ԱՄՆ-ին կոչ է արել պատժամիջոցներ կիրառել, ինչը, նրա կարծիքով, Բելառուսը կտանի «դեպի նոր ընտրություններ, իսկ հետո դեպի ժողովրդավարություն»:
Հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ-ն և ԵՄ-ն բավականաչափ ջանքեր են գործադրում բելառուսական ընդդիմությանը սատարելու համար, Տիխանովսկայան պատասխանել է. «Կարծում եմ, որ ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ձեռնարկվող բոլոր գործողությունները կարող էին լինել ավելի համարձակ, ավելի ակտիվ, ավելի կոշտ»,-ասել է նա:
Տիխանովսկայան ակնկալում է «ընդհանուր դիրքորոշում, համատեղ պատժամիջոցներ, համատեղ ճնշում և քաղաքացիական հասարակությանը համատեղ օգնություն» ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից:
2020 թվականի օգոստոսի 9-ին Բելառուսում կայացած նախագահական ընտրություններից հետո, որում վեցերորդ անգամ հաղթել է Ալեքսանդր Լուկաշենկոն (ըստ ԿԸՀ տվյալների՝ հավաքել է ձայների 80,1%-ը), երկրում սկսվել էին ընդդիմության զանգվածային բողոքի ակցիաներ: Ընդդիմությունը կարծում է, որ Տիխանովսկայան հաղթել է, և պահանջում է բանակցություններ վարել իշխանության փոխանցման և նոր ընտրությունների շուրջ: Նախկին թեկնածուն ընտրություններից անմիջապես հետո մեկնել է Լիտվա: Բելառուսի գլխավոր դատախազությունը քրեական հոդվածով գործ է հարուցել՝ իշխանությունը զավթելու կոչերի մասով, Տիխանովսկայան դրա շրջանակներում գլխավոր մեղադրյալն է, նա Բելառուսում և Ռուսաստանում միջպետական հետախուզման մեջ է։