Քաբուլի օդանավակայանի անվտանգության հանձնումը թուրք զինվորականներին հարցեր է առաջացնում. ՌԴ ԱԳՆ
ՌԴ արտգործնախարարությունը տարակուսանք է հայտնել ԱՄՆ-ի զորքերի դուրսբերումից հետո Քաբուլի միջազգային օդանավակայանի անվտանգության ապահովումը ոչ թե աֆղանական, այլ թուրքական զինուժին փոխանցելու կապակցությամբ: Այս մասին գրում է «Կոմերսանտ» պարբերականը:
Աֆղանստանի հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ, ՌԴ ԱԳՆ Ասիայի երկրորդ վարչության տնօրեն Զամիր Քաբուլովը նշել է, որ Թուրքիան օդանավակայանի պաշտպանության շուրջ բանակցել է ԱՄՆ-ի, ոչ թե Աֆղանստանի հետ:
«Մենք զարմացած ենք, որ 20 տարվա ընթացքում ԱՄՆ-ՆԱՏՕ այս ամբողջ ռազմական համայնքը չի պատրաստել 600 աֆղանցու, որոնք կկարողանան ապահովել Քաբուլի օդանավակայանի աշխատանքը, սա մեծ հարց է»,-ասել է Քաբուլովը:
Նա հիշեցրել է նաև «Թալիբան» շարժման հայտարարությունն այն մասին, որ նրանք ՆԱՏՕ-ի մնացող ցանկացած զորախմբի ընդունելու են որպես օկուպանտ:
Ավելի վաղ ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահներ Ջո Բայդենը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը համաձայության էին եկել, որ թուրքական զորքերը կապահովեն Քաբուլի օդանավակայանի անվտանգությունը ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո: Աֆղանստանում ամերիկյան զորքերի դուրսբերման ֆոնին կառավարական ուժերի և զինյալների դիմակայությունը վերսկսվել է: Հուլիսի սկզբին «Թալիբան» շարժման ներկայացուցիչները հայտարարել էին երկրի տարածքի 85%-ի վերահսկողության մասին: