ԱՄՆ-ում առնվազն երկու մարդ է մահացել կրակոցների ու հրդեհի պատճառով
Առնվազն երկու մարդ է մահացել, մի քանի երեխաներ անհայտ կորել են ամերիկյան Տուսոն քաղաքում կրակոցների ու հրդեհի հետեւանքով, հաղորդել է տեղական KOLD-TV- ն՝ վկայակոչելով ոստիկանությանը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ սկզբում 35-ամյա անհայտ տղամարդը կրակ է բացել տեղի այգում գտնվող շտապօգնության աշխատակիցների վրա: Դրանից հետո կասկածյալը մոտեցել է այրվող տանը եւ սկսել կրակել հրշեջների եւ հարեւանների ուղղությամբ, ովքեր օգնում էին մարել կրակը: Հրշեջ-փրկարարները դիմել են ոստիկանություն, հաղորդել է ՌԻԱ Նովոստի-ն:
Ինչպես նշել է KOLD-TV-ն, կասկածյալը լքել է հանցագործության վայրը եւ բախվել ոստիկանական մեքենային: Իրավապահի հետ փոխհրաձգության արդյունքում կասկածյալը վիրավորվել է, նրան ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց:
Հաղորդվում է, որ հարեւաններից մեկը մահացել է հրազենային վնասվածքից: Տանը հայտնաբերվել է նաեւ այրված դիակ: Հայտնի չէ՝ կասկածյալը կապ ունի՞ երկրորդ զոհի մահվան հետ:
Ոստիկանության խոսքով՝ տանը ապրող երեխաների ճակատագիրը դեռ անհայտ է:
Վիրավորներից մեկին շտապօգնության աշխատակիցները հոսպիտալացրել են: Այլ վիրավորների կյանքին ոչինչ չի սպառնում, հայտնել է հեռուստաալիքը: