Ինչպես է անցկացվում ԱԺ առաջին նիստը. Պահպանելով ավանդույթները. Armdaily.am
ArmDaily.am-ը շարունակում է իր «Պահպանելով ավանդույթները» շարքը և այս անգամ խոսելու ենք նորընտիր խորհրդարանի առաջին նիստի անցկացման մասին:
Ազգային ժողովի արտահերթ ընտրություններից հետո պետք է տեղի ունենա նորընտիր խորհրդարանի առաջին նիստը, որն էլ, Սահմանադրության համաձայն, կդառնա գործող խորհրդարանի լիազորությունների ավարտը: ԿԸՀ-ի կողմից հունիսի 27-ին ընտրության արդյունքները ամփոփելուց երկու շաբաթ հետո՝ հուլիսի 5-ին՝ ՀՀ Սահմանադրության օրը, պետ է գումարվեր ԱԺ առաջին նիստը։ Սակայն, ինչպես հայտնի է, 4 քաղաքական ուժեր դիմեցին Սահմանադրական դատարան՝ ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու հարցով:
ՍԴ-ն մերժեց ընդդիմության բողոքը և ուժի մեջ թողեց ԿԸՀ որոշումը: Այսպիսով՝ ընտրությունների անցողիկ շեմը հաղթահարած ուժերը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (53.92%), «Հայաստան» դաշինքը (21.04%) և իրավունքի ուժով «Պատիվ ունեմ» դաշինքն էլ (5.23%) խորհրդարան կանցնեն:
Երբ տեղի կունենա ԱԺ առաջին նիստը
Դեռ մինչև ՍԴ-ում գործի քննության սկիզբը՝ մասնագետները նշում էին, որ նման ծավալի գործի քննությունը նույնիսկ ֆիզիկապես հնարավոր չէ 10 օրից պակաս ժամկետում քննարկել, ինչը նշանակում է, որ անգամ ամենաարագ քննության դեպքում ԱԺ առաջին նիստը կարող է տեղի ունենալ հուլիսի 19-ին (ինչը գրեթե անհավանական է) կամ 26-ին (առավելագույնը՝ օգոստոսի 2-ին): Քանի որ որոշումը հրապարակվեց հուլիսի 17-ին, ապա արաջին նիստը տեղի է ունենալու օգոստոսի 2-ին՝ հրապարակումից երկու շաբաթ անց առաջին երկուշբթին:
Ի դեպ, հենց նույն օրն էլ, օրենսդրության համապատասխան, ՀՀ նախագահը վարչապետ կնշանակի, որից հետո վերջինս 15 օր կունենա կառավարություն ձևավորելու համար:
Առաջին նստաշրջանի նիստերի բացումը
ԱԺ առաջին նիստը հրավիրվում է երկուշաբթի ժամը 10.00-ին, այդ մասին հայտարարում է ԿԸՀ նախագահը։
Առաջին նստաշրջանի նիստերը բացում և մինչև Ազգային ժողովի նախագահի ընտրվելը նախագահում է տարիքով ավագ պատգամավորը: 8-րդ գումարման խորհրդարանում այդ պատվին կարժանանա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 31-րդ համարը` 70-ամյա Վիգեն Խաչատրյանը, նախորդ գումարման ԱԺ-ում առաջին նիստը նախագահում էր Կնյազ Հասանովը, իսկ 6-րդ գումարման դեպքում՝ Նապոլեոն Ազիզյանը։
Առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի ելույթի իրավունք ունեն Հանրապետության նախագահը և Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Ողջույնի ելույթներից հետո պատգամավորները երդվում են։
Նիստը նախագահողը հայտարարում է առաջին նստաշրջանի օրակարգը՝
-հաշվիչ հանձնախմբի ստեղծում.
-Ազգային ժողովի նախագահի ընտրություն.
-Ազգային ժողովի նախագահի երեք տեղակալների ընտրություններ.
-մշտական հանձնաժողովների ստեղծում.
-մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններ.
-Կառավարության առաջարկությամբ` Կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագծի քննարկում և
-Կառավարության ծրագրին հավանություն տալու հարց:
Կառավարության ծրագիրն Ազգային ժողով ներկայացվելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, Ազգային ժողովի նախագահը հայտարարում է հարցի քննարկմանը նվիրված նիստի օրը և ժամը:
Ազգային ժողովի նախագահն Ազգային ժողովի առաջին նստաշրջանի նիստում հանդես է գալիս խմբակցությունների և մշտական հանձնաժողովների, ինչպես նաև Խորհրդի կազմավորման վերաբերյալ հայտարարությամբ:
Առաջին նստաշրջանն ավարտվում է Ազգային ժողովի նախագահի եզրափակիչ ելույթով և հերթական նստաշրջանի գումարման օրվա մասին հայտարարությամբ:
Աղբյուրը՝ Armdaily