Եվրամիությունը շահագրգռված է ամբողջ տարածաշրջանի կայունությամբ և ծաղկմամբ. Եվրախորհրդի նախագահն Ալիևի հետ հանդիպման ավարտին
Ադրբեջանը վերջ է դրել երկար հակամարտությանն ու ինքնուրույն իրականացրել ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերը: Minval.az-ի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ համատեղ ասուլիսում:
«Հակամարտությունն ավարտվել է, այժմ խաղաղության մասին մտածելու ժամանակն է»,- նշել է Ալիևը:
Միշելն իր հերթին հայտարարել է, որ «Եվրոպական միությունը շահագրգռված է ամբողջ տարածաշրջանի կայունության և ծաղկման հարցում»:
«Եվրամիությունը պատրաստ է դրական, կառուցողական դեր կատարելու: Մենք հարգում ենք Մինսկի խմբի կատարած աշխատանքը, սակայն դա չի նշանակում, եր ԵՄ-ն չի կարող իր աջակցությունը տրամադրել, նպաստել հնարավոր բարեփոխումներին՝ ապահովելու համար կայունությունը և համոզվելու, որ տարածաշրջանում խաղաղություն կհաստատվի»,- շեշտել է Եվրախորհրդի ղեկավարը:
Վերջինս ընդգծել է, որ հանդիպման ժամանակ քննարկվել են Ադրբեջան-ԵՄ համագործակցության հեռանկարները, ապագայի նախագծերն ու տարեվերջին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի նախապատրաստման հարցերը:
Միշելն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման կարևորությունը, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության կարևորությունը: