«Բոլոր հաղորդակցական կապերը պետք է միաժամանակ բացվեն». Ալիևը հայտարարել է Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում 3 օդակայանի կառուցման մասին
Մենք գտնվում ենք ենթակառուցվածքների կառուցման ակտիվ փուլում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպման ավարտին կայացած ասուլիսում:
Ալիևը հայտարարել է, որ Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում «3 միջազգային օդանավակայան է կառուցվելու, առաջինը՝ Ֆիզուլիում (Վարանդա), որը կգործարկվի տարեվերջին, երկրորդը՝ Զանգելանում (Կովսական), երրորդը՝ Լաչինում (Բերձոր): Վերջինի կառուցումը նախատեսվում է ավարտին հասցնել 2023 թվականին»:
Ալիևը հավելել է, որ «հաղորդակցական կապերի բացումը տարածաշրջանում Ադրբեջանին թույլ կտա Հայաստանի տարածքով ապահովել կապը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ»:
«Միևնույն ժամանակ սկսվել է երկաթգծի կառուցումը Հայաստանի հետ սահմանի երկայնքով, սկսվել է մայրուղիների կառուցումը Հայաստանի հետ սահմանի երկայնքով: Մեր տարածքում մենք պետք է մոտ 100 կմ երկարությամբ մայրուղիներ և երկաթգիծ կառուցենք դեպի Հայաստան, Հայաստանի տարածքում լինելու է մոտ 40 կմ: Հաղորդակցական ուղիների բացումը տարածաշրջանում զուգահեռ պետք է տեղի ունենա»,- ասել է Ալիևը՝ նշելով, որ դա Հայաստանի համար կապահովի կապը Ռուսաստանի և Իրանի հետ, իսկ Ադրբեջանի համար հնարավորություն կստեղծվի հավելյալ կապ ունենալ Նախիջանի հետ:
Նրա խոսքով՝ տարածաշրջանի 4 երկիր աջակցում են այս մոտեցմանը՝ Ադրբեջանը, Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան:
«Բոլոր հաղորդակցական կապերը պետք է միաժամանակ բացվեն, և որևէ խտրականություն չպետք է դրսևորվի այս առումով»,- հավելել է Ալիևը՝ շեշտելով, որ «սպասում է Հայաստանի դրական արձագանքին, որը չպետք է ընտրովի լինի, ինչից հետո խաղաղությունն ու բարգավաճումը տարածաշրջանում իրականություն կդառնան»: