Խաղերի բացումից մեկ շաբաթ առաջ Տոկիոյի Օլիմպիական ավանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը
Տոկիոյում անցկացվելիք Օլիմպիական խաղերի կազմակերպիչները Օլիմպական ավանում հայտնաբերել են կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Նշվում է, որ մարզիկներն ու նրանց ուղեկցողներն արդեն սկսում են ժամանել Օլիմպավան, հայտնում է The Japan Times-ը:
COVID-19-ով վարակված անձի ինքնությունը չի բացահայտվում: Միայն նշվում է, որ նա մարզիկ չէ: Նրա հանձնած թեստը դրական արդյունք է ցույց տվել, ինչից հետո նրան դուրս են բերել Օլիմպավանից ու մեկուսացրել հյուրանոցում:
Բացի այդ, հուլիսի 17-ին 15 նոր դեպք է հայտնաբերվել Օլիմպիադայի կազմակերպմամբ զբաղվող անձնակազմի շրջանում:
Տոկիոյում Օլիմպիադայի բացումը տեղի կունենա հուլիսի 23-ին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Խաղերի հետ կապված՝ երկիր է ժամանելու շուրջ 90 հազար մարդ՝ մարզիկներ, մարզիչներ, մարզական գործիչներ և լրագրողներ:
Համաձայն ճապոնական Asahi Shimbun թերթի մայիսին անցկացրած հարցման՝ երկրի բնակիչների 80%-ը դեմ է Խաղերի անցկացմանը՝ կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով:
Օլիմպիական խաղերի կազմակերպիչները հավաստիացրել են, որ հակավիրուսային խիստ միջոցառումները, ներառյալ մարզիկների պարբերական թեստավորումը և հանդիսատեսից հրաժարվելը, կապահովեն Խաղերի անվտանգությունը: