Ադրբեջանի պատվիրակությունը երեկ ժամանել է Կիպրոս` մասնակցելու այնտեղ թուրքական զորքի մուտք գործելու 47-րդ տարեդարձին
Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունը ժամանել է Թուրքիայի վերահսկողության տակ անցած Հյուսիսային Կիպրոսի Հանրապետություն`մասնակցելու Կիպրոսում թուրքական զորքի մուտք գործելու 47-րդ տարեդարձին, հայտնում է Greek City Times թերթը և հավելում, որ այդ ներխուժման հետևանքով 200 հազար հույներ փախստական են դարձել, հազարավոր մարդիկ սպանվել և հարյուրավոր կանայք բռնաբարվել են:
Ընդունելով Ադրբեջանի Միլլի մեջլիսի միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական կապերի հանձնաժողովի պատվիրակությանը, որը ղեկավարում է Սամեդ Սեյիդովը, թուրքալեզու համայնքի ղեկավար Էրսան Սաները համոզմունք է հայտնել, որ Ադրբեջանը կճանաչի Հյուսիսային Կիպրոսի Հանրապետությունը: Առայժմ Կիպրոսի թուրքական պետությունը ճանաչել է միայն Թուրքիան`հակառակ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 541 և 550 բանաձևերին:
Սեյիդովը նշել է, որ Ադրբեջանը Եվրոպական Խորհրդի շրջանակում կպաշտպանի Հյուսիսային Կիպրոսի իրավունքներն ու արդարությունը և շեշտել, որ Կիպրոսի հարցում Ադրբեջանում իշխանություն կամ ընդդիմություն չկա:
«Սա մեր հողն է: Թյուրքական աշխարհում կա Թուրքիա, կա Ադրբեջան և կա Հյուսիսային Կիպրոս», - ասել է ադրբեջանական պատվիրակության ղեկավարը`հավելելով, որ ցանկանում են, որ Հյուսիսային Կիպրոսը ուժեղ լինի, ինչի համար անհրաժեշտ է, որ Թուրքիան, Ադրբեջանը և Հյուսիսային Կիպրոսը միասին լինեն:
Թերթը հիշեցրել է, որ հակառակ Միջերկրական ծովում Ադրբեջանին աջակցելու Թուրքիայի խոստումներին Բաքվում Հունաստանի դեսպանն անցյալ շաբաթ այցելել էր Լեռնային Ղարաբաղի`Ադրբեջանի վերահսկողության տակ անցած շրջաններ և հավելել, որ Ադրբեջանի ներխուժումը Լեռնային Ղարաբաղ հանգեցրել է այնպիսի ռազմական հանցագործությունների, ինչպիսիք են գլխատումները, սպիտակ ֆոսֆորի օգտագործումը, եկեղեցիների թիրախավորումն ու լրագրողների թիրախավորումը: