Կինը սխալվել է վիճակախաղի տոմսեր գնելիս եւ կրկնակի ջեքփոթ շահել
Ամերիկյան Հյուսիսային Կարոլինա նահանգի բնակիչը վիճակախաղի տոմսեր գնելիս սխալ է թույլ տվել եւ կրկնակի ջեքփոթ շահել, հայտնել է Lenta-ն` հղում անելով The Charlotte Observer-ին:
Սթեյթսվիլ քաղաքի բնակիչ Սյուզան Գրեյը ասում է, որ ինքը մտադիր էր տոմսեր գնել Carolina Cash 5 վիճակախաղի տարբեր խաղարկությունների համար, բայց սխալվել եւ երկուսն էլ նույն խաղի համար է վերցրել:
Կինը երկար տարիներ խաղացել է վիճակախաղում եւ որպես հաղթող համարներ միշտ նշել է իր ծննդյան ամսաթիվը: Վերջին խաղարկության ժամանակ բախտը ժպտացել է ամերիկուհուն, եւ նրա թիվը շահել է: Այնուամենայնիվ, քանի որ նա պատահաբար գնել է մի խաղի երկու տոմս, որում ջեքփոթը բաժանվում է երկու հաղթողների միջեւ, Գրեյը շահել է կրկնակի գումար՝ ավելի քան 305.000 դոլար:
Վիճակախաղի կայքի տվյալների համաձայն՝ նրա հաղթելու հնարավորությունը 962.598-ից մեկն էր: