Կես միլիոն բրիտանացի ստիպված է եղել մեկ շաբաթով ինքնամեկուսանալ
Հարյուր հազարավոր բրիտանացիներ ինքնամեկուսացել են մեկ շաբաթով այն պատճառով, որ Առողջապահության ազգային ծառայության բջջային հավելվածը՝ NHS Сovid App, գրեթե մշտապես «նախազգուշացնում» է մոտ գտնվող մարդկանց, գրում է The Guardian-ը։
Հուլիսի առաջին շաբաթվա ընթացքում NHS հավելվածն օգտագործող մարդկանց ուղարկվել է ավելի քան կես միլիոն՝ 530 126 նախազգուշացում մեկուսացման մասին։
Դա 46 տոկոսով ավելին է, քան մեկ շաբաթ առաջ։
Պարբերականը նշում է, որ օգոստոսի 16-ից Մեծ Բրիտանիայի բնակիչները, որոնք ստացել են պատվաստանյութի երկու չափաբաժին, ստիպված չեն լինի ինքնամեկուսացվել, եթե շփման մեջ մտնեն կորոնավիրուսի ենթադրյալ կրողի հետ։ Սակայն մանրածախ առեւտրի, հանրային սննդի հաստատությունների եւ արտադրության ղեկավարները հայտարարում են, որ տնտեսության որոշ ճյուղեր կարող են փակվել մինչեւ օգոստոսի կես. հիվանդացածների թվի աճը կարող է ստիպել ավելի քան մեկ միլիոն մարդու մնալ տանը։
Ճշտվում է, որ խնդրի պատճառով տուժած ընկերությունների ցուցակում Asos օնլայն խանութն է, Nissan եւ Rolls-Royce ավտոարտադրողները եւ խոշոր սուպերմարքեթները։ Մշակող արդյունաբերությունում առկա աղբյուրները հայտարարել են, որ ճյուղի ընկերությունները նույնպես տուժում են, բայց չեն ցանկանում հրապարակավ խոսել այդ մասին՝ զգուշանալով վախեցնել հաճախորդներին եւ կորցնել բիզնեսը։
Պարբերականի աղբյուրների տվյալներով՝ երկրի որոշ մասերում չի աշխատում անձնակազմի մոտ 30 տոկոսը, մանրածախ առեւտրի միջինը 10 տոկոս աշխատողներ պատրաստ չեն դուրս գալ տնից առաջիկայում։