Վիետնամն ԱՄՆ-ին կոչ է արել չեղյալ հայտարարել առեւտրային էմբարգոն Կուբայի դեմ
Վիետնամն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել իր «թշնամական քաղաքականությունը» եւ վերացնել առեւտրային էմբարգոն Կուբայի դեմ: Այս մասին հայտարարել է Վիետնամի արտաքին գործերի նախարարությունը, փոխանցում է Reuters-ը:
«ԱՄՆ-ն պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկի Կուբայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ՝ ի շահ երկու ժողովուրդների, խթանելով խաղաղությունը, կայունությունն ու զարգացումը տարածաշրջանում եւ ամբողջ աշխարհում»,- ասել է նախարարության մամուլի խոսնակ Լե Թհի Թու Հանգը:
Միացյալ Նահանգները վերացրել են առեւտրային էմբարգոն Վիետնամի նկատմամբ 1994 թվականին, իսկ նախկին հակառակորդների հարաբերությունները վերջին տարիներին ջերմացել էին: Ներկայումս ԱՄՆ-ն Վիետնամի ամենամեծ արտահանման շուկան է:
Հանգը նշել է, որ Վիետնամը «հավատում է, որ Կուբան կհաղթահարի ներկայիս սոցիալ-տնտեսական դժվարությունները, որոնք առաջացել են COVID-19-ի համավարակի եւ էմբարգոյի հետեւանքով»: