Նիկոլ Փաշինյանը նոր «սրտի օլիգարխ» ունի․ ՀՐԱՊԱՐԱԿ
Նիկոլ Փաշինյանն Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի ուղեկցությամբ այցելել է Կոտայքի մարզում գործող «Սարանիստ» ընկերություն, որը զբաղվում է ապակիների արտադրությամբ, իսկ բոլորովին վերջերս սկսել է գործել կոնյակի գործարանը: Նրանց համար, ում կառավարության հաղորդագրության այս նախաբանը ոչինչ չի ասում, նշենք, որ սա Շշի Մելոյի՝ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի գործարանն է։
Հունիսի 12-ին «Հրապարակը» գրել էր, որ «ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանը՝ Շշի Մելոն, իր շրջապատում խոստացել է, որ այս ընտրություններում Ծառուկյանը Կոտայքում այնքան ձայն չի տանելու, ինչպես եղել է նախորդ ընտրությունների ժամանակ։ Մելոն աշխատում է Ծառուկյանի դեմ՝ իշխանության համար։ Մելիք Մանուկյանի եւ Ծառուկյանի հարաբերությունները լարվել էին 2019-ին, երբ Մանուկյանին պատկանող ռեստորանում փոխհրաձգություն եղավ՝ Ծառուկյանի որդու ու Մանուկյանի հարազատների միջեւ, մարդ զոհվեց»։
Մելիք Մանուկյանը մեզ հետ զրույցում չէր թաքցրել, որ աջակցում է գործող իշխանություններին, թեեւ ասել էր, որ հիմա ավելի շատ բիզնեսով է զբաղված, գինու-կոնյակի նոր գործարան է հիմնել, շուտով կբացի՝ «Ես արտադրելու եմ 100 հազար շիշ», ասել էր նա։ Իշխանությունների հետ հարաբերությունների «ջերմացումը» հավանաբար սկսվել էր 2019-ի ամառվա դեպքերից՝ երբ պայթեցվեց Մելոյի մեքենան, ապա եղբայրը՝ Ռոբերտ Մանուկյանը փորձել էր այդ մեքենան դեպքի վայրից տեղափոխել եւ երբ նրան բերման էին ենթարկել՝ 6 ոստիկանի էր ծեծի ենթարկել։ Ռոբերտ Մանուկյանին մեղադրանք էր առաջադրվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հոդվածով։ Նրան ձերբակալել էին, ապա մի քանի օրից բաց թողել եւ հետագայում այդ բոլորը գործերը փակել։
Դրանից հետո Շշի Մելոն դարձավ իշխանությունների սրտի օլիգարխը եւ սկսեց աշխատել նրանց համար, իսկ այսօր արդեն Նիկոլ Փաշինյանն այցելում է նրա գործարան, ողջունում Շշերի գործարանը եւ հայտարարում, որ «կառավարությունը պատրաստ է իր գործիքակազմերի շրջանակում նպաստել նմանատիպ նախագծերի արդյունավետ իրականացմանը»: