Հայաստանի միջոցով կարելի է դուրս գալ համաշխարհային շուկա. իրանցի փոխնախարար
Իրանի հանքերի, արդյունաբերության և առևտրի փոխնախարար Ալի Ռասուլիանը իրանական IRNA գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ հայկական շուկան Իրանի՝ սննդամթերքի և տնտեսական պարագաների արտադրմամբ զբաղվող փոքր ու միջին ձեռնարկությունների համար լավ հնարավորություն է:
«Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկիր է և կարող է իրանական ապրանքների համար տարացիկ ուղի լինել դեպի Ռուսաստան և հաշվի առնելով նաև Իրանի նկատմամբ պատժամիջոցները՝ անգամ դեպի եվրոպական երկրներ: Այս երթուղով կարելի է ապրանքներ, մեքենաշինական սարքավորումներ, ինժեներական և տեխնիկական ծառայություններ արտահանել»,- նշել է նա:
Ռասուլիանը շեշտել է, որ պետք է օգտվել ստեղծված հնարավորությունից և ներկայություն ապահովել հայկական շուկայում, քանի դեռ իրենց մրցակիցները դա չեն արել: Ըստ պաշտոնյայի՝ հայկական շուկայում ներկայություն ունենալով, Հայաստանի միջոցով հնարավոր կլինի դուրս գալ համաշխարհային շուկա:
Թեմայի առնչությամբ IRNA-ն զրուցել է նաև Հայաստանում իրանական ցուցահանդեսի կազմակերպիչներից Հասան Մորթաջի հետ: Վերջինս ընդգծել է, որ հունիսին Երևանում կայացած ցուցահանդեսը լավ է ընդունվել: Նա նշել է, որ Հայաստանը մաքսատուրքի ցածր դրույքաչափերով կարող է ապրանքներ արտահանել Կանադա, և Իրանը կարող է օգտվել այդ հնարավորությունից ու Հայաստանի միջոցով իրանական ապրանքները արտահանել Հյուսիսային Ամերիկայի երկրներ: Այս համատեքստում նա նաև կարևորել է իրանական ապրանքների որակի բարձրացման անհրաժեշտությունը: