Թուրքիան հուսով է, որ Բայդենի վարչակազմը կարտահանձնի Էրդողանի հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը բնակվում է ԱՄՆ-ում
Թուրքիան հուսով է ԱՄՆ ներկայիս վարչակարգի օրոք հասնել Թուրքիայում ահաբեկչական ճանաչված գյուլենական շարժման ղեկավար Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնմանը: Այդ մասին, ինչպես հայտնում են լրատվամիջոցները, ասել է ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Հասան Մուրաթ Մերքանը:
Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն:
Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայում բնակվում է ԱՄՆ-ում։
«Մեր իրավասու մարմինները սերտ կապի մեջ են ամերիկյան իշխանությունների հետ, ուստի հուսով եմ, որ դա (արտահանձնումը) մի օր կիրականացվի», - ասել է թուրք դիվանագետը:
Անկարան ցանկանում է հասնել Գյուլենի և նրա հետևորդների արտահանձնմանը և հավատում է նման հնարավորությանը, ասել է դեսպանը: Նա հույս է հայտնել, որ դա տեղի կունենա ԱՄՆ ներկայիս վարչակազմի օրոք: