Ռոբերտ Արզումանյան․ Պետք է հասկանանք՝ որտեղ սխալվեցինք
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Ուրարտուն» սեփական մարզադաշտում ընդունել էր սլովենական «Մարիբորին» ու նվազագույն հաշվով պարտություն կրեց։ Դիմակայության ընդհանուր 0-2 հաշվով պարտությամբ մեր թիմը դուրս մնաց հետագա պայքարից։
Խաղից հետո «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը ասաց հետևյալը․
«Այս խաղը նախորդից տարբերվում էր, մեզ անպայման հաղթանակ էր պետք ու դա ավելի էր բարդացնում իրավիճակը։ Կարծում եմ՝ թիմի պատկերն ընդհանուր լավն էր, որոշակի խնդիրներ, իհարկե, ունեինք, պիտի աշխատենք դրանց վրա, որպեսզի կարողանանք գոլեր խփել և հաղթել։ Փորձ էր թե՛ խաղացողների, թե՛ մեր երիտասարդ մարզչական շտաբի համար։ Հպարտ եմ խաղացողներով։ Բայց մրցակիցն ուժեղ էր։
Պիտի նախ ձևավորվել ներքին առաջնությունում և մենք այդ ընթացքի մեջ ենք։ Պիտի ներքին առաջնությունն ուժեղ լինի։
Խաղային սխեմայի փոփոխությունը, եթե անկեղծ լինեմ, օգուտ չտվեց մեզ։ Փորձել էի դաշտ դուրս բերել այնպիսի խաղացողների, որոնք կարծում էի՝ հավանական է, որ գոլեր կխփեն։ Պարտվել ենք, պետք է հասկանանք, որտեղ սխալվեցինք։
Այվազովը ոտքով շատ լավ է խաղում։ Կարող էր նա լարվածություն ունենալ, երկար ժամանակ չէր խաղացել, բայց խնդիրը նրանում չէր։ Շարժունակ չենք, պիտի ավելի շարժունակ լինենք»։