2021 թ. առաջին եռամսյակի ՔՏՀԱՏՄ վերահսկողական միջոցառումների ամփոփ վիճակագրություն
Քաղաքաշինության բնագավառում 2021 թվականի գործունեության տարեկան ծրագրով առաջին եռամսյակում նախատեսված 124 ստուգումներից իրականացվել է 86-ը, ընդ որում՝ 34-ը Երևանում, 10-ը՝ Սյունիքի մարզում, 9-ը՝ Կոտայքի մարզում, 8-ը՝ Արմավիրի մարզում, 6-ական Տավուշի, Լոռու և Արարատի մարզերում, 3-ական` Արագածոտնի և Շիրակի մարզերում և 1-ը՝ Վայոց Ձորի մարզում, 33-ը՝ Տավուշի, 27-ը՝ Արմավիրի, 19-ը՝ Վայոց ձորի մարզում։
Ստուգումների արդյունքում արձանագրվել է 272 խախտում, ընդ որում՝ Երևանում՝ 112, 41-ը՝ Լոռու, 39-ը՝ Սյունիքի, 1-ը՝ Շիրակի մարզում։
Շինարարություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների (կապալառու) մոտ հայտնաբերվել է 105 խախտում։ Առավել կրկնվող խախտումները հետևյալն են․
- շինարարությունը չի իրականացվում համաձայնեցված նախագծին համապատասխան՝ 21 դեպք,
- բացակայում է բետոնի փորձարկման ակտը՝ 17 դեպք,
- շինարարության վարման մատյանում բացակայում են կապալառուի կողմից կատարված համապատասխան նշումները՝ 15 դեպք:
Շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների մոտ հայտնաբերվել է 65 խախտում։ Շինարարության նկատմամբ հեղինակային հսկողություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների մոտ հայտնաբերվել է 39 խախտում։
Կառուցապատողների մոտ հայտնաբերվել է 35 խախտում։ 8 դեպքում կառուցապատողը չի ապահովել շինարարության տեխնիկական հսկողության իրականացումը համապատասխան լիցենզիա ունեցող կազմակերպության միջոցով, իսկ 6-ում՝ տեղեկանքում նշված չեն շինարարության տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպության անվանումը և լիցենզիայի համարը:
Քաղաքաշինության բնագավառում համայնքների ղեկավարների գործունեության մեջ հայտնաբերվել է 31 խախտում։ Ստուգումների արդյունքում տրվել է 39 տեղեկանք՝ խախտումների բացակայության վերաբերյալ, ինչպես նաև կազմվել և տրամադրվել են պարտադիր կատարման 33 ցուցումներ։ Քաղաքաշինության բնագավառում 2021 թվականի 1-ին եռամսյակում կատարվել են 325 դիտարկում և տեղազննում։
Տեսչական մարմնի աշխատակիցները մասնակցել են ավարտված շինարարական 613 օբյեկտների շահագործման ընդունող հանձնաժողովների աշխատանքներին։ Տրամադրվել են ավարտական ակտերի վերաբերյալ 325 դրական և 201 բացասական եզրակացություններ:
Տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են 69 ինքնակամ կառույց, որից Երևանում՝ 23, Շիրակի և Արարատի մարզերում՝ 1-ական, Լոռու մարզում` 4, Կոտայքի մարզում` 2, Արագածոտնի մարզում` 20, Տավուշի մարզում` 8 և Արմավիրի մարզում` 10։
Բացահայտված խախտումները վերացնելու նպատակով մարզպետներին և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին տրամադրվել են իրազեկող բնույթի գրություններ: Համայնքների ղեկավարներին էլ ներկայացվել են առաջարկություններ՝ ինքնակամ շինարարությունը դադարեցնելու վերաբերյալ և դրա հետևանքները վերացնելու ուղղությամբ։
Տարվա առաջին եռամսյակում կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 70 արձանագրություն, որից 48-ը՝ Երևանում, 17-ը` Լոռու մարզում, 4-ը` Կոտայքի և 1-ը` Շիրակի մարզերում։
2021 թվականի առաջին եռամսյակում ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացվել է 9 հաղորդում քաղաքաշինության բնագավառում բացահայտված խախտումներով, ինչպես նաև խախտումների վերացմանն ուղղված Տեսչական մարմնի ցուցումները չկատարելու դեպքերով։