Եկեք այդ գումարներն ուղղենք մեր վիրավոր տղաներին և կարողանանք տեղափոխել նրան ց եվրոպական առաջատար կլինիկաներ. Նաիրա Զոհրաբյանը՝ պատգամավորների աշխատավարձը բարձրացնելու նախագծի մասին
Համեմատություն կատարել այլ երկրների պատգամավորների աշխատավարձի հետ ու ասել, որ մեր աշխատավարձը բարձր է, դա, իհարկե, այդպես չէ: Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Ես գտնում եմ, որ պատգամավորները և նրանք, ում վրա որ դրված է պետության կառավարման դերը, պիտի ստանան արժանապատիվ աշխատավարձ, բայց հիմա դրա ժամանակը չէ, հիմա այդ փուլը չէ, հիմա մենք շատ ավելի կենսական խնդիրներ ունենք: Երկրորդ՝ ինձ համար ամենազավեշտալին հիմնավորումն էր, այսինքն պատգամավորական ծախսերի համար նախատեսված 50 հազար դրամը դարձնել 250 հազար դրամ, որպեսզի պատգամավորը գնա և կարողանա հանդիպել իր ընտրողի հետ: Հիմա ես ձեզ խորհուրդ եմ տալիս իջնել կադրերի բաժին և հարցնել, ամենաշատը քանի պատգամավորի է նամակ ուղարկում քաղաքացին, ում է դիմում քաղաքացին և այդ եռյակի մեջ ես կլինեմ առաջիններից մեկը: Ինձ որևէ լրավճար պետք չի եղել մեր հայրենակիցների հետ հանդիպելու համար»,- ասաց պատգամավորը:
Նրա խոսքով՝ ինքը երեկ եղել է Արմավիրում, հանդիպել է ռազմագերիների ծնողների հետ և համաձայնել է այն ռազմագերիների ծնողների հետ, ովքեր, ըստ ծնողների, անցել են Իրանի սահմանը, մեկնել Թավրիզ:
«Դրա համար ինձ որևէ պատգամավորական լրավճար պետք չի, ավելին՝ կարծում եմ, այդ օրերին ես պատգամավոր չեմ լինի, բայց իմ կազմակերպությամբ, որն արդեն գրանցված է կշարունակեմ իմ հասարակական ու քաղաքական ակտիվ գործունեությունը: Այնպես որ, կարծում եմ, որ խորհրդարանը պիտի մերժի այս նախագիծը, քանի որ պատգամավորը պարտավոր է, դա պատգամավորի իմպերատիվ պարտականությունն է հանդիպել ընտրողների ու քաղաքացիների հետ և դրա համար պատգամավորները ստանում են աշխատավարձ»,-ասաց Զոհրաբյանը:
Նրա խոսքով՝ սահմանադրությամբ ստանձնած գործառույթները կատարելու համար հատուկ լրավճարը հատկապես հիմա տեղին չէ:
«Եկեք այդ գումարներն ուղղենք մեր վիրավոր տղաներին և կարողանանք տեղափոխել եվրոպական առաջատար կլինիկաներ»,- ասաց պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյությում