ԱՄՆ-ից Լիտվա է ժամանել շուրջ 300 միավոր ռազմատեխնիկա (լուսանկարներ)
Լիտվական Կլայպեդա քաղաքի նավահանգստում բեռնաթափվել է ԱՄՆ ծանր ռազմական տեխնիկան՝ Լիտվայում տեղակայված ամերիկյան բանակի ռոտացիոն գումարտակի համար: Այս մասին նախօրեին տեղեկացրել է Լիտվայի պաշտպանության նախարարությունը:
«Ընդհանուր առմամբ, ռոտացիոն գումարտակի համար ուղարկվել է շուրջ 300 միավոր տեխնիկա, այդ թվում՝ Abrams տանկեր և Bradley հետևակի մարտական մեքենաներ»,-ասված է հաղորդագրության մեջ:
Տեխնիկան մատակարարվել է ամերիկյան ստորաբաժանման ռոտացիային պատրաստվելու համար: Անցյալ տարվա դեկտեմբերին ԱՄՆ բանակի 8-րդ հեծելազորային գնդի 2-րդ գումարտակը ժամանել էր Լիտվա ՝ համատեղ զորավարժությունների համար: Դրան կփոխարինի Կանզաս նահանգի Ֆորտ Ռայլի բազայի 1-ին հետևակային դիվիզիայի ստորաբաժանումներից մեկը:
2014 թվականի ապրիլից ՆԱՏՕ-ի արևելյան թևն ամրապնդելու նպատակով Լիտվայում Atlantic Resolve առաքելության շրջանակում տեղակայվել է ԱՄՆ բանակի զորամիավորումների հերթափոխ: Իրականացվել է դրա ավելի քան 10 ռոտացիա: