Տիեզերք թռած միլիարդատեր Բրենսոնն այժմ էլ մտադիր է հյուրանոց կառուցել Լուսնի վրա (լուսանկարներ)
Միլիարդատեր, Virgin Galactic տիեզերական ընկերության հիմնադիր Ռիչարդ Բրենսոնն իր իսկ ընկերության ստեղծած Unity տիեզերանավով տիեզերք թռչելուց հետո, այժմ էլ պատմել է Լուսնի մակերևույթին հյուրանոց կառուցելու պլանների մասին, գրում է Daily Mail-ը:
«Մի օր մենք Լուսնի վրա հյուրանոց կկառուցե՞նք, որի մասին ես միշտ երազել եմ, թե՞ դա կթողնեմ իմ երեխաներին՝ կտեսնենք: Բայց դա ևս մի երազանք է, որը, եթե ժամանակ ունենամ, սիրով կիրականացնեմ մի հրաշալի օր»,- ասել է Բրենսոնը:
Նա նաև հայտնել է, որ իր ընկերությունը կստեղծի շատ տիեզերանավեր՝ այդկերպ նվազեցնելով Երկրի ուղեծիր ուղևորությունների արժեքը, որն այժմ մոտ 250 000 դոլար է:
Միևնույն ժամանակ, նրա նոր սարքերը կկարողանան ավելի բարձր ու ավելի երկար թռչել, վստահ է միլիարդատերը:
«Միգուցե մի օր, երբ մենք ունենանք 20 տիեզերանավ, ինձ համար կրկին տեղ լինի, օրինակ` իմ 90-ամյակին: Սակայն տեսնենք՝ ինչպես կլինի: Ես գրեթե վերադարձել եմ Երկիր, բայց ոչ այնքան: Դա իմ ամբողջ կյանքի երազանքն էր: Երազանքները հազվադեպ են իրականանում»,- ասել է 70-ամյա Բրենսոնը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, միլիարդատեր, Virgin Galactic տիեզերական ընկերության հիմնադիր Ռիչարդ Բրենսոնն իր իսկ ընկերության ստեղծած Unity տիեզերանավով տիեզերք թռչելուց հետո կիսվել է տպավորություններով:
Հիշեցնենք, որ Ռիչարդ Բրենսոնն օրերս դեպի տիեզերք անդրանիկ թռիչքից հետո վերադարձել է Երկիր: Նա և մյուս ուղևորները բարձրացել են 88 կմ բարձրության վրա և մի քանի րոպե անցկացրել անկշռության մեջ: Ամբողջ թռիչքը տևել է մեկ ժամից մի փոքր ավելի: Տիեզերանավի անձնակազմը բաղկացած է եղել 4 հոգուց:
«Ես մանկուց երազել եմ այս պահի մասին, բայց ոչինչ չէր կարող ինձ նախապատրաստել տիեզերքից Երկրի տեսարաններին: Դա կախարդական էր», - պատմել է նա:
70-ամյա Բրենսոնն իր երախտագիտությունն է հայտնել ընկերության բոլոր աշխատակիցներին, որոնք մասնակցել են նախագծի իրականացմանը, և նրանց, ովքեր ուղղակի աջակցել են Virgin Galactic-ին: Նա առանձնակի շնորհակալություն է հայտնել կնոջը, երեխաներին, թոռներին և բոլոր ընկերներին:
«Ես սիրում եմ ձեզ»,- ասել է նա:
Տիեզերք թռչելու հարցում առաջինը լինելու համար պայքարում Բրենսոնն առաջ է անցել Forbes-ի իր մրցակիցներից՝ Ջեֆ Բեզոսից և Իլոն Մասկից: Ի դեպ, նրանք արդեն շնորհավորել են նրան բարեհաջող թռիչքի կապակցությամբ: