Արքայազն Հարիի և Մեգան Մարքլի աղմկահարույց հարցազրույցն առաջադրվել է «Էմմի» մրցանակի (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրի և կնոջ՝ Մեգան Մարքլի աղմկահարույց հարցազրույցն ամերիկացի հայտնի հաղորդավարուհի Օփրա Ուինֆրիի հետ առաջադրվել է «Էմմի» մրցանակի հատուկ թողարկումների անվանակարգում, հայտնում է Wales Online-ը։
Պարբերականը նշել է, որ CBS հեռուստաընկերության «Օփրան Մեգանի և Հարիի հետ» հատուկ թողարկումը Սասեքսի դուքսն ու դքսուհին օգտագործել են Մեծ Բրիտանիայի արքայական ընտանիքի դեմ մեղադրանքներ հնչեցնելու համար։ Օփրա Ուինֆրին զարմացել էր, երբ արքայական զույգը նշել էր, որ ընտանիքի անդամներից մեկին անհանգստացրել էր դեռևս չծնված առաջնեկի մաշկի գույնը։
«Էմմի»-ի 73-րդ մրցանակաբաշխությունը տեղի է ունենալու սեպտեմբերի 19-ին։
Օփրա Ուինֆրիին տված 110 րոպե տևողությամբ հարցազրույցը 17 միլիոն դիտում ունի Միացյալ Նահանգներում և 11 միլիոն դիտում Միացյալ Թագավորությունում, իսկ ամբողջ աշխարհում` 61 միլիոն։
Հիշեցնենք, որ հաղորդումը եթերում հայտնվել է 2021 թվականի մարտին: Դրա ընթացքում արքայազն Հարին խոսել է մոր՝ արքայադուստր Դիանայի մասին։
«Ես իսկապես ուրախ ու երջանիկ եմ, որ հիմա կնոջս կողքին նստած խոսում եմ Ձեզ հետ և չեմ կարող նույնիսկ պատկերացնել, թե ինչպես է նա (մայրը՝ արքայադուստր Դիանան) տարիներ շարունակ միայնակ անցել այդ ամենի միջով»,- հարցազրույցի ընթացքում խոստովանել էր արքայազնը։
Զույգը նաև խոսել է Միացյալ Նահանգներ տեղափոխվելու, իրենց հույսերի և երազանքների, ինչպես նաև ընդլայնվող ընտանիքի մասին։
Նշենք, որ Ուինֆրին 2018 թվականի մայիսին ներկա է գտնվել Սասեքսի դուքսի և դքսուհու հարսանեկան արարողությունը և լավ հարաբերություններ ունի զույգի հետ։