Կուբայի իշխանությունները հաստատել են հակակառավարական ցույցի ընթացքում առաջին զոհի մասին լուրը (լուսանկարներ)
Կուբայի իշխանությունները հաստատել են բախումների հետևանքով մեկ ցուցարարի մահվան լուրը՝ նշելով, որ քաղաքացին եղել է այն խմբի մեջ, որը հարձակվել է կառավարական հաստատության վրա, հայտնում է BBC լրատվականը և հավելում, որ ականատեսների խոսքով՝ անվտանգության ուժերը թիրախավորել են խմբի անդամներին։
36-ամյա Դիուբիս Լաուրենցիո Թեժեդայի մահվան պաշտոնական բացատրություն դեռևս չկա, մինչդեռ Ներքին գործերի նախարարն ասել է, որ «սգում է այդ մարդու մահը»։ Միջադեպը տեղի է ունեցել Հավանայի Լա Գվինեա թաղամասում, որի բնակիչներից Ուալդո Հերերան ասել է, որ ոստիկանության ուժերը հանել են զենքերն ու կրակ բացել ցուցարարների ուղությամբ։
Երեքշաբթի օրվա ընթացքում ձերբակալվել է ավելի քան 100 մարդ և շատերն իրենց հարազատների մասին տեղեկություններ են փնտրում։ Ձերբակալվածների թվում է իսպանական ABC թերթի լրարող Կամիլա Ակոստան, ինչի առնչությամբ Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Էմանուել Ալբարեսը կոչ է արել ազատ արձակել լրագրողին և հարգել «ազատ և խաղաղ» ցույցեր անցկացնելու մարդկանց իրավունքը։
Հայտնի է, որ Կուբայում բջջային համացանցից օգտվելու արտոնությունը տրվել է 2018 թվականին, սակայն այն վերահսկվում է պետության կողմից։ NetBlocks դիտորդական առաքելությունը երկուշաբթի հայտնել է, որ պետական ինտերնետային մատակարար Etecsa ընկերությունն արգելափակել է մուտքը WhatsApp և Facebook հարթակներ։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Կուբայի 36-ամյա քաղաքացին Հավանայի Արրոյո-Նարանխո թաղամասում ոստիկանական ուժերի վրա կատարված հարձակման ժամանակ մահացու վնասվածքներ է ստացել:
Բողոքի ակցիաների ընթացքում ցուցարարները հարձակումներ են գործել տների վրա, բեռնատարներ հրդեհել, քարերով ու դանակներով հարձակվել իրավապահների և խաղաղ բնակիչների վրա. կատարվածի հետևանքով վնասվել են նաև էլեկտրահաղորդման գծերը: Ցույցերի և անկարգությունների մասնակիցները ձերբակալվել են, կա մի քանի վիրավոր: Ցուցարարները պահանջում են արագացնել պատվաստման տեմպերը, մինչդեռ Կուբայում կորոնավիրուսով վարակման ռեկորդային ցուցանիշներ են գրանցվում` օրական մոտ 7000 դեպք: Կիրակի գրանցվել է մահվան 47 դեպք:
Երկրի նախագահ Միգել Դիաս-Կանելը, մեկնաբանելով տեղի ունեցող ցույցերը, հայտարարել է, որ դրանք սադրանք են ԱՄՆ–ի ուղարկած վարձականների կողմից` երկիրն ապակայունացնելու համար: