Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է հայ-ադրբեջանական սահմանին միջադեպի հետևանքով վիրավոր զինծառայողի մասին
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել` տեղեկացնելով, որ հուլիսի 14-ին հայ-ադրբեջանական պետական սահմանին տեղի ունեցած միջադեպի հետևանքով վիրավորվել է ադրբեջանական բանակի զինծառայող Մարդանլի Իբադուլլան: Վիրավորին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, որից հետո նրան տեղափոխել են բժշկական հաստատություն:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հուլիսի 14-ի առավոտյան 10:30-ի սահմաններում միջադեպ է գրանցվել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում: Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով, փորձել են ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը:
Հայկական կողմի՝ նշված աշխատանքները դադարեցնելուն միտված հակազդող գործողություններից հետո ադրբեջանցի զինծառայողները նշանառու կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող: Կորուստներ ունի նաև ադրբեջանական կողմը:
ՀՀ պաշտպանության նախարարությունը խստիվ դատապարտում է ադրբեջանական կողմի հերթական սադրանքը և նախազգուշացնում, որ դրանք արժանանալու են կոշտ հակազդման: Իրադրության հետագա սրման ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը: