«Ուղևորություններ եղել են և լինելու են Շուշի». Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ՀՀ ԱԳՆ-ին
Հուլիսի 9-ին Շուշի կատարած այցի կապակցությամբ Ադրբեջանում հավատարմագրված դեսպաններին Հայաստանի արտգործնախարարության կողմից բողոքի նոտայի հղումը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ «այս երկիրը դեռ միջազգային իրավունքին հակասող և տարածքային պահանջներից բխող դիրքորոշում է ցույց տալիս» (չակերտները-Խմբ.): Նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան:
«Մենք մեկ անգամ ևս շեշտում ենք, որ Հայաստանը չի կարող ոչ միայն բողոքել, այլև մեկնաբանել Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում գտնվող տարածք կատարված որևէ ուղևորություն»,-ասել է նա:
ԱԳՆ ներկայացուցիչը շեշտել է, որ «Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, պատրաստելով նոտան, պետք է գոնե մտածի, թե ինչի դեմ է բողոքում և ինչի հիման վրա»:
«Շուշան (Շուշի) արդեն ազատագրված է և, ինչպես մյուս ազատագրված շրջանները, Ադրբեջանի բաղկացուցիչ մասն է: Ուղևորությունները եղել են և լինելու են այստեղ, վերականգնման աշխատանքներ են տարվում, քաղաքի օրինական տերերը կվերադառնան իրենց տները, մի խոսքով ՝ կյանքը նորից կեռա մեր մշակութային բնօրրանում», - ասել է Լեյլա Աբդուլլաևան:
Նա հավելել է, որ «ըստ ամենայնի, Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում ղեկավարության բացակայությունը նույնպես ազդում է այս կառույցի կողմից պատրաստված փաստաթղթերի վրա: Անհրաժեշտ է, որ Հայաստանի արտգործնախարարությունը հասկանա տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակը»:
Հիշեցնենք, որ հուլիսի իննին Բաքվում դիվանագիտական կորպուսի 40-ից ավելի ներկայացուցիչ երկրի կառավարության հրավերով մեկնել է Լեռնային Ղարաբաղի՝ այժմ Բաքվի վերահսկողության տակ գտնվող Շուշի քաղաք: Հրավերից հրաժարվել են միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների` ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ֆրանսիայի դեսպանները:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, հուլիսի 9-10-ը Ադրբեջանի իշխանությունների կողմից Լեռնային Ղարաբաղի օկուպացված տարածքներ կազմակերպված այցելությանը որոշ երկրների դիվանագիտական ներկայացուցիչների մասնակցության առնչությամբ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն են հրավիրվել համապատասխան դիվանագիտական առաքելությունների ղեկավարները։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:
Դեսպաններին է փոխանցվել նրանց երկրների կառավարություններին ուղղված հայտագրեր, որտեղ, մասնավորապես, նշվել է, որ Հայաստանի Հանրապետությունը բացարձակապես անընդունելի է համարում Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչների այցելությունն Արցախի օկուպացված տարածքներ, այդ թվում՝ Հադրութ և Արցախի պատմական կենտրոն՝ Շուշի քաղաք, որոնք ենթարկվել են էթնիկ զտումների, իսկ բնակչության նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրագործվել են պատերազմական հանցագործություններ և զանգվածային ոճրագործություններ։ Ընդգծվել է, որ Ադրբեջանի իշխանությունները նմանատիպ միջոցառումներով փորձում են օրինականացնել Արցախի ժողովրդի դեմ իրականացված ագրեսիան և ամրապնդել հակամարտությունն ուժի կիրառմամբ լուծելու սեփական պնդումները։
Բոլոր հանդիպումների ընթացքում շեշտվել է, որ դիվանագիտական ներկայացուցիչների ներգրավվումը նմանօրինակ այցելություններին հակասում է Հայաստանի Հանրապետության և տվյալ երկրների միջև ձևավորված համագործակցության ոգուն, ինչպես նաև՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դիրքորոշմանը։ Այս տեսակետից Հայաստանը հաստատակամորեն կոչ է անում ձեռնպահ մնալ ցանկացած գործողություններից, որոնք կարող են արդարացնել ուժի կիրառումը և դրանով իսկ խաթարել տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը։
Ուժի կիրառումը և զանգվածային ոճրագործությունները չեն կարող լուծել ղարաբաղյան հակամարտությունը, որի կարգավորումը հնարավոր է միայն բանակցությունների միջոցով՝ միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը նախաձեռնել է նաև քայլեր՝ հասցնելու Հայաստանի Հանրապետության վերոնշյալ դիրքորոշումը համապատասխան այն երկրների մայրաքաղաքներին, որոնք իրենց դիվանագիտական ներկայացուցչությունները Հայաստանում հավատարմագրել են համատեղության կարգով։