Ռուսաստանում տղամարդը սպառնացել է 13-րդ հարկից ցած նետել երեխային՝ պահանջելով կնոջ հետ հանդիպում (տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնության Իրկուտսկ քաղաքում տղամարդն օրը ցերեկով սպառնացել է 13-րդ հարկի պատուհանից դուրս նետել երեխային, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը և հավելում, որ տղամարդը պահանջել է հանդիպում իր կնոջ հետ, որը 2 անգամ իր դեմ բողոք է գրել ոստիկանությունում իրեն ծեծի ենթարկելու համար:
Life.ru-ի տվյալներով՝ տղամարդը 34-ամյա Ռոման Տերենտևն է։ Նա կանգնել է պատշգամբի բազրիքին և պահանջել հանդիպում իր կնոջ հետ։ Ականատեսները նշել են, որ տղամարդը չի պատրաստվել ցատկել, սակայն սպառնացել է, որ ցած կնետի երեխային, որը, ինչպես ինքն է նշել, իր երեխան չէ։ Երեխան վախից փաթաթվել է տղամարդու պարանոցին ու լաց եղել։
Ոստիկանությունը, չկարողանալով երկխոսության մեջ մտնել տղամարդու հետ, դեպքի վայր է բերել կնոջը, որը, ինչպես հայտնի է, մայիսի 9-ին և երեկ ոստիկանությունում բողոք է գրել ամուսնու դեմ:
ՏԱՍՍ լրատվական գործակալությունը տեղեկացրել է, որ հաջողվել է տղամարդուն համոզել ներս մտնել։ Այժմ նրան ձերբակալել են։