Ադրբեջանը 2 ոտքը դրել է մեկ կոշիկի մեջ. ո՛չ հայ ուխտավոր կարող է գնալ Դադիվանք, ո՛չ էլ հայ հոգևորական կարող է գնալ Դադիվանքում հոգևոր ծառայություն մատուցելու. Նաիրի Հոխիկյան (տեսանյութ)
Ավելի քան մեկ ամիս է կամ գուցե ավելին՝ ադրբեջանցիները նախ արգելում են, որ որևէ հայ ուխտավոր կարողանա գնալ Դադիվանք: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը:
Նրա հիշեցրեց, որ ՌԴ նախագահը հայտարարել էր, որ Շուշիի Սբ Ղազանչեցոց եկեղեցին և Դադիվանքը վերցնում է սեփական պահպանության տակ, սակայն ադրբեջանցիները սկսել են անգամ հոգևորականների ելումուտը:
«Հեգևորականները չեն կարող Դադիվանքից գնալ Մարտակերտ կամ Ստեփանակերտ: Նրանք անգամ չեն կարողանում փոփոխություն կատարել, մի հոգևորականը գնա, մյուսը վերադառնա: Այն հոգևորականը, որ դուրս եկավ Դադիվանքից, նրա փոխարեն այլ հոգևորական չի կարող վերադառնալ, այսինքն՝ Դադիվանքը փակ է ադրբեջանցիների կողմից: Ավելի քան 300 ադրբեջանցի զինվորականներ շրջափակել են Դադիվանքը, մոտ 30-35 ռուս խաղաղապահ է Դադիվանքի մոտ ծառայություն իրականացնում և 6 հայ հոգևորական»,- ասաց Հոխիկյանը:
Նրա խոսքով՝ 6 հայ հոգևորականներից և ոչ մեկը չի կարող դուրս գալ Դադիվանքից, դուրս գալու դեպքում նրա կյանքին վտանգ է սպառնալու, իսկ եթե, այնուամենայնիվ, կարողանում է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ դուրս գալ Դադիվանքից և հասնել հայերի հսկողության տակ գտնվող արցախյան որևէ տարածք, ապա նրա փոխարեն որևէ մեկն այլևս Դադիվանք չի գնում:
«Սրա նպատակն այն է, որ հերթով աստիճանաբար, բոլոր հայ հոգևորականները դուրս գան Դադիվանքից, վանական համալիրը դատարկվի և փաստացի այս հոգևոր արժեքը ևս յուրացվի: Չմոռանանք, որ ադրբեջանցիները մեկ անգամ Դադիվանք են տարել ուդի հոգևորականներին՝ ներկայացնելով, որ դա ուդիների հոգևոր արժեքն է: Չմոռանանք, որ Կովկասի մուսուլմաների հոգևոր առաջնորդ Փաշազադեն վերջերս կրկին հայտարարեց, որ Ղազանչեցոցը ու Դադիվանքը ուդիական քրիստոնեական արժեքներ են, և հետևաբար այս կերպ նրանք փորձում են ուդիներին հանձնել Դադիվանքը, որից հետո շատ հեշտ կլինի այդ հոգևոր արժեքը ոչնչացնել կամ պարզապես դարձնել մզկիթ»,- ասաց Հոխիկյանը:
Մեդիափորձագետն ասաց, որ ռուսները, իր տեղեկություններով, բազմիցս փորձել են և հիմա էլ են փորձում հարթել այս խնդիրն ադրբեջանական կողմի հետ, բայց Ադրբեջանը 2 ոտքը դրել է մեկ կոշիկի մեջ և որևէ դեպքում ո՛չ հայ ուխտավոր կարող է գնալ Դադիվանք, ո՛չ էլ հայ հոգևորական կարող է գնալ Դադիվանքում հոգևոր ծառայություն մատուցելու:
«Այստեղ շատ կարևոր է, որ հայ-հասարակական, քաղաքական գործիչները, լրագրողները ռուսական կողմին, կոնկրետ Ռուսաստանի նախագահին սա ներկայացնեն, չէ՞ որ հենց Պուտինն էր երաշխավոր կանգնում Դադիվանքին, չէ՞ որ հենց Պուտինն էր ասում, որ երաշխավորում է անձնապես, որպեսզի հայերը ծառայեն Դադիվանքում և հայ ժողովուրդը կարողանա ուխտ կատարել այնտեղ: Փաստացի այդ խոստումը չի կատարվում: Ադրբեջանը հերթական անգամ իր խոստումը խախտել է, դրժել է և միաժամանակ Դադիվանքի մոտակայքում առաքելություն կատարող ռուս խաղաղապահների նկատմամբ ադրբեջանցիները սպառնալիքներ են հնչեցնում, վախեցնում են: Այս ամենը նաև հոգևորականների հանդեպ է կատարվում: Ադրբեջանցիները տարբեր սպառնալիքներով ու ճնշումներով, փորձում են ազդել հայ հոգևորականների և ռուս խաղաղապահների վրա, որպեսզի Դադիվանքի տարածքից դուրս գան»,- ասաց Հոխիկյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։