«Ստալինը լուրջ հակասություններ ուներ Լենինի հետ». Պուտինը հիշեցրել է ԽՍՀՄ ազգային կառուցվածքի շուրջ Ստալինի և Լենինի վեճի մասին
Խորհրդային առաջնորդներ Վլադիմիր Լենինը և Իոսիֆ Ստալինը տարբեր կերպ էին նայում Խորհրդային Միության ազգային-տարածքային կառուցվածքի սկզբունքներին: Այս մասին երեքշաբթի ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ մեկնաբանելով իր` ավելի վաղ տպագրված «Ռուսների և ուկրաինացիների պատմական միասնության մասին» հոդվածը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Ստալինը լուրջ հակասություններ ուներ Լենինի հետ: Ստալինը պնդում էր ինքնավարացման հարցում Խորհրդային Միության կառուցման ժամանակ և կարծում էր, որ նախկին կայսերական տարածքում ձևավորված բոլոր խորհրդային հանրապետությունները պետք է մուտք գործեն, հենց մուտք գործեն ՌԽՖՍՀ տարածք: Լենինը այլ տեսակետ ուներ. նա խոսում էր բոլոր հանրապետությունների հավասարության մասին, որոնք չեն մտնում Ռուսաստանի Դաշնության (ՌԽՍՖՍՀ) կազմ, այլ դրա հետ միասին հավասար պայմաններով ստեղծում են նոր պետություններ»,-ասել է Պուտինը:
Նա նշել է, որ Ստալինն այս տեսակետն անվանում էր ազգային լիբերալիզմ և բացահայտ վիճում էր Լենինի հետ: Միևնույն ժամանակ, ըստ պետության ղեկավարի, Լենինի դիրքորոշումն այն էր, որ Ստալինը սկզբունքորեն ճիշտ է, բայց «այդ մասին խոսելը դեռ վաղ է»:
«Եվ (Լենինը), ինչպես ասում էր նույն Ստալինը, զիջումների գնաց նացիոնալների օգտին: Իսկ ինքը` Ստալինն ասում էր, որ ռուսական ֆեդերալիզմը անցումային փուլ է դեպի սոցիալիստական կենտրոնացվածություն»,-եզրափակել է Պուտինը:
Նա ամփոփել է, որ իրականում բոլշևիկները վարվել են հենց այդ կերպ, քանի որ, չնայած ֆորմալ առումով ԽՍՀՄ-ը «ֆեդերատիվ պետություն էր, եթե չասենք կոնֆեդերատիվ՝ հաշվի առնելով անջատման իրավունքը», սակայն, փաստացի, այն շարունակում էր մնալ «խիստ ունիտար կենտրոնացված պետություն»:
Ավելի վաղ երկուշաբթի օրը Կրեմլի կայքում հրապարակված «Ռուսների և ուկրաինացիների պատմական միասնության մասին» հոդվածում Պուտինը ընդգծել էր, որ Ռուսաստանը հարգում է ուկրաինական լեզուն և ավանդույթները, ինչպես նաև ուկրաինացիների ցանկությունը՝ տեսնել իրենց պետությունն ազատ, անվտանգ և բարեկեցիկ: Նա համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանը և Ուկրաինան միասին միշտ ավելի ուժեղ և հաջողակ կլինեն: