ՌԴ ԱԳՆ-ն բացատրել է, թե ինչու է Մոսկվան շփվում Ռուսաստանում ահաբեկչական համարվող «Թալիբան» շարժման անդամների հետ
Մոսկվան շփվում է թալիբների հետ` տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ իր դիրքորոշումը նրանց փոխանցելու անհրաժեշտության պատճառով: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Աֆղանստանի հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ, ՌԴ ԱԳՆ Ասիայի 2-րդ վարչության տնօրեն Զամիր Քաբուլովը:
«Թալիբան» շարժման ներկայացուցիչները հուլիսի 8-9-ն այցելել էին Ռուսաստան: Նշենք, որ «Թալիբան»-ը ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել Ռուսաստանում:
Քաբուլովի խոսքով` Մոսկվան դեռևս մի քանի տարի առաջ նախազգուշացրել էր, որ ամերիկյան զորքերի դուրսբերման ֆոնին Աֆղանստանում իրավիճակը կվատթարանա:
«Եթե իրերը կոչենք իրենց անուններով՝ մենք սա շատ ավելի վաղ էինք կանխատեսել, ուստի 7 տարի առաջ մենք սկսել ենք կապեր հաստատել թալիբների շարժման հետ ... Եկեք չմոռանանք, որ այժմ մենք խոսում ենք մարտավարական գործողությունների մասին: Բայց եկեք վերադառնանք ավելի խոշոր, Աֆղանստանում տեղի ունեցած իրադարձությունների ռազմավարական արդյունքներին: Մի քանի տարի առաջ կար ամերիկյան ռազմաբազաների ցանց, և նրանց մեծ մասը ռազմավարական կապ չունեին Աֆղանստանի հետ, նրանք ազդեցություն էին տարածում ամբողջ տարածաշրջանի վրա, ներառյալ մեզ, Կենտրոնական Ասիան, Իրանը, Պակիստանը և Չինաստանը: Որտե՞ղ են այդ բազաները: Դրանք չկան, դրանով ամեն ինչ ասված է»,-ասել է Քաբուլովը:
Գործակալության զրուցակիցը հավելել է, որ եթե այդ ժամանակ Մոսկվան չսկսեր կապեր հաստատել թալիբների հետ, ապա այժմ դժվար կլիներ երկխոսություն վարել:
«Հիմա պատկերացրեք, որ եթե 7 տարի առաջ մենք կամուրջներ չկառուցեինք թալիբների հետ, կապ չհաստատեինք, նրանց չհայտնեինք մեր մտահոգությունները, մեր շահերը, հետևեինք ձախողված արևմուտքցիներին և խարանեինք նրանց, հիմա ո՞ւմ հետ պիտի խոսեինք: Նրանք խնդիրներ ունեն, իսկ Ռուսաստանը կարող է խոսել Աֆղանստանում ցանկացած ուժի հետ»,-եզրափակել է դիվանագետը:
2020 թվականին ԱՄՆ-ի և «Թալիբան»-ի պաշտոնյաները ստորագրել են 18 տարվա պատերազմի ընթացքում առաջին խաղաղության համաձայնագիրը, որի համաձայն ամերիկացի զինվորականները պետք է լքեն Աֆղանստանը: Սպիտակ տունը խոստանում է դուրս բերել զորակազմը մինչև սեպտեմբերի 11-ը: Միևնույն ժամանակ, հանրապետությունում լարվածությունն աճում է. թալիբները գրավել են նշանակալի տարածքներ և հարձակվել մեծ քաղաքների վրա, նրանց դեմ գործում են կառավարական ուժերը: