«Քաբուլի օդանավակայանը պետք է շարունակի աշխատանքը». Թուրքիայի պաշտպանության նախարարն ակնարկել է, որ Թուրքիան դուրս չի գալու Աֆղանստանից
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը մեկնաբանել է Աֆղանստանի վերաբերյալ Անկարայի ծրագրերը: Այս մասին գրում է «Անադոլու» գործակալությունը:
Նախարարը, մասնավորապես, նշել է, որ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև շարունակվում են Քաբուլի Համիդ Քարզայի անվան միջազգային օդանավակայանի կառավարման և անվտանգության հարցերով բանակցությունները:
Աքարը նշել է, որ Քաբուլի շուրջ թուրք-ամերիկյան երկխոսությունը շարունակվում է կառուցողական եղանակով:
«Թուրքիայի և Միացյալ Նահանգների նախագահների հանդիպումից հետո որոշվել են այն շրջանակները, որոնցում իրականացվում են աշխատանքները»,-ասել է նախարարը:
Աքարի խոսքով` Պենտագոնի ղեկավարի (Լլոյդ Օսթին) հետ բանակցությունների մի շարք կետեր արդեն համաձայնեցված են:
Բացի այդ, ըստ նախարարի, «Թուրքիայի ջանքերով» դրական առաջընթաց է նկատվում ՆԱՏՕ-ի մակարդակով:
«Շատ երկրներ կան, որոնք ցանկանում են օգնել Աֆղանստանին: Մենք բանակցություններ ենք վարում նաև նրանց հետ: Այսինքն՝ գործընթացը բազմակողմանի է»,-ասել է նախարարը:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հիշեցրել է, որ 20 տարի է, ինչ թուրք զինվորականները առաքելություններ են իրականացնում Աֆղանստանում:
«Այս բոլոր տարիների ընթացքում մենք չենք մասնակցել ռազմական առաքելություններին, մարզում էինք ուժայիններին, զբաղվում էինք օբյեկտների պահպանմամբ, վերականգնմամբ և շինարարությամբ: Արդեն 6 տարի ղեկավարում ենք Քաբուլի օդանավակայանը: Մեր նպատակն է նպաստել աֆղանական ժողովրդի անվտանգությանը և բարգավաճմանը: Մայրաքաղաքի օդանավակայանը պետք է շարունակի աշխատել: Հակառակ դեպքում Աֆղանստանը կվերածվի մեկուսացած պետության, ինչը միջազգային ասպարեզում հղի է լուրջ ռիսկերով»,-ասել է Աքարը:
Միաժամանակ նա նշել է, որ Անկարան ուշադիր հետևում է «Թալիբան» շարժման ստորաբաժանումների գործողություններին, այդ թվում ՝ Ուզբեկստանի և Տաջիկստանի հետ սահմաններին: «Մեզ համար կարևոր է Թուրքիայի ուղղությամբ փախստականների նոր ալիքներ ձևավորելու հարցը: Այս պահին նման խնդիր չկա»,-ասել է նախարարը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, «Թալիբան» արմատական շարժումը նախազգուշացրել է, որ կգրոհի թուրքական ուժերը, եթե դրանք մնան Աֆղանստանի տարածքում: Թալիբները Թուրքիայի ղեկավարությանը կոչ են արել հրաժարվել այն որոշումից, որը «խնդիրներ կստեղծի երկու երկրների մուսուլման ժողովուրդների միջև»: