Եթե Ռուսաստանը քայլեր չձեռնարկի իր տարածքից գործող կիբերհանցագործների դեմ, ապա մենք դա կանենք. Բլինկեն
ԱՄՆ-ը հստակ ուղերձ է հղել Մոսկվային, որ Ռուսաստանի տարածքից գործող հաքերների դեմ եթե ռուսական կողմը քայլեր չձեռնարկի, ապա իրենք դա կանեն, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:
«Մենք աշխատում ենք դաշնակիցներին համախմբելու ուղղությամբ, որպեսզի համատեղ ջանքերով պայքարենք կիբերտարածությունում առկա չարամիտ գործողություններին: Սա առավել արդիական է «SolarWinds» ընկերության դեմ կիբերհարձակումից հետո: 22 երկիր աջակցել է այդ կիբերհարձակումներին Ռուսաստանի մասնակցության վերաբերյալ ԱՄՆ-ի առաջ քաշած վարկածին, և դա կարևոր է. երբ մենք միասնական ձայնով հանդես գալու մասին ենք խոսում, կարողանում ենք առավել արդյունավետ կանխել ապագա զարգացումները»,- ասել է Բլինկենը:
Բլինկենը հիշեցրել է, որ իրենք այս հարցում հստակ ուղերձ են հղել Ռուսաստանին:
«Ռուսաստանի հետ մեր փոխազդեցության ընթացքում մեր ուղերձը հստակ է եղել՝ այն երկրները, որոնք թաքցնում են կիբերհանցագործներին, քայլեր ձեռնարկելու պատասխանատվություն ունեն, և եթե իրենք դա չանեն, մենք ենք անելու»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը: