Իրանը պատրաստ է ազատ արձակել ամերիկացի բանտարկյալներին, եթե ԱՄՆ-ն ազատի իրանցի կալանավորներին
Իրանը պատրաստ է ազատ արձակել ամերիկացի բանտարկյալներին, եթե ԱՄՆ-ն ազատություն շնորհի իրանցի կալանավորներին: Այդ մասին հուլիսի 13-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին, գրում է regnum.ru-ն:
«Մենք պատրաստ ենք ազատ արձակել ամերիկացի բանտարկյալներին իրանցի կալանավորների ազատման փոխարեն: Մենք բոլոր իրանցի կալանավորներին, որոնք ԱՄՆ-ի պահանջով ազատազրկված են աշխարհի որ երկրում էլ որ լինի, դիտում ենք որպես իրանցի կալանավորներ Միացյալ Նահանգներում»,-ասել է պաշտոնյան:
Նախօրեին Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն հայտնել Է, որ Թեհրանը բանակցություններ Է վարում ԱՄՆ-ի հետ այնտեղ պահվող իր քաղաքացիների հարցի շուրջը: