Քիմ Քարդաշյանը Քենդալ Ջեների հիմնած բրենդի լոգոյով գլխարկով և լողազգեստով լուսանկարներ է հրապարակել (լուսանկարներ)
Ամերիկյան Keeping up with the Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանն անցյալ ամիս նշել էր, որ ֆիզիկապես գտնվում է «իր կյանքի լավագույն կարգավիճակում» , գրում է բրիտանական Daily Mail պարբերականը և հավելում, որ աստղը քիչ ածխաջրեր է օգտագործում, սնվում է բուսակերների համար նախատեսված սննդակարգով և պարբերաբար մարզվում է։
Պարբերականը նշում է, որ 40-ամյա աստղը, որը մարտին հայտարարել է ամուսնալուծության մասին և դրանից հետո նրա անձնական հարաբերությունների մասին չի խոսվել, հաճախ է լողազգեստով լուսանկարներ տեղադրում իր ինստագրամյան հարթակում։ Հրապարակված նոր լուսանկարներում հեռուստաաստղը կրում է կանաչ երկու կտորից բաղկացած լողազգեստ, արևային գլխարկ՝ իր տեսքն ամբողջացնելով վզնոցով և իրանին կապված շղթայով։ Քիմ Քարդաշյանի կրած արևային գլխարկի վրա պատկերված է կրտսեր քրոջ՝ 24-ամյա մոդել Քենդալ Ջեներին պատկանող 818 Tequila ապրանքանիշի լոգոն, և որոշ լուսանկարներում երևում է նաև խմիչքի շիշը։
Լուսանկարները հրապարակվել են այն տեղեկության ֆոնին, որ Քիմ Քարդաշյանն օգոստոսի 1-ից դադարեցնում է KKW Beauty ապրանքանիշի պաշտոնական կայքի գործունեությունը։ SKIMS, KKW Fragrance և KKW Beauty ապրանքանիշերի հիմնադիր և սեփականատեր Քիմ Քարդաշյանը նշել է, որ ցանկանում է իր ապրանքանիշերը մեկտեղել մեկ առցանց հարթակում՝ գնումներն ավելի հարմար դարձնելու համար։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Քիմ Քարդաշյանը ռեբրենդինգ է անում KKW Beauty ապրանքանիշը և այդ հարցում նրան օգնում է նախկին ամուսինը՝ ռեփ կատարող Քանյե Ուեսթը։ Քիմ Քարդաշյանն ավելի վաղ նշել էր, որ ապրանքանիշը ռեբրենդինգի կենթարկվի, սակայն անվան միջից W տառը դուրս չի գա, քանի որ աստղը դեռևս ներկայանում է Ուեսթ ազգանվամբ։
Հիշեցնենք, որ իրապատում շոուի ավարտի առթիվ հաղորդավար Էնդի Քոհենի հետ հարցազրույցի ընթացքում նա խոսել էր ռեփեր Քանյե Ուեսթի հետ հարաբերությունների մասին՝ նշելով, որ Քանյեի հետ ամուսնությունն ու իրենց երեխաները շատ իրական են, սիրով լի, և որ դա իր առաջին իրական ամուսնությունն է եղել։
Ներկայում հեռուստաաստղը փորձում է ամուսնալուծության այնպիսի լուծում գտնել, որը լավագույնը կլինի ընտանիքի անդամների համար: Ամուսնալուծության հարցով Քիմ Քարդաշյանի փաստաբանական խումբը գլխավորում է հայտնի փաստաբան Լորա Ուասսերը: