Կա՞ որևէ մեկը երկրում, որը կասկածներ ունի, թե Սահմանադրական դատարանն ինչ որոշում է կայացնելու 4-5 օր ընթացող դատաքննական թատերական ներկայացման արդյունքում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Կա՞ որևէ մեկը երկրում, որը կասկածներ ունի, թե Սահմանադրական դատարանն ինչ որոշում է կայացնելու 4-5 օր ընթացող դատաքննության արդյունքում։ Թերևս՝ ոչ։ Իրենք՝ ՍԴ անդամները, ՍԴ դիմողները, դատավարությանը հետևող հանրությունը, բոլորն ամուր համոզմունք ունեն և գիտեն, թե ինչ որոշում է ընդունվելու քննության ավարտին։ Ստացվում է, որ մենք՝ բոլորս, մի մեծ թատերական խաղի մասնակիցն ենք կամ ականատեսը։
Թեև, իհարկե, զուտ հանրային իրավագիտակցության, իրավունքի զարգացման տեսանկյունից նման դատավարություններն օգտակար են և ուսանելի։ Ի վերջո, մարդիկ գրագետ իրավական խոսք են լսում, իրավական բարձրորակ հարցադրումներ են անում, և ակնհայտ է դառնում, որ իշխանության մեջ մեր պոտենցիալի ամենաթույլ հատվածն է ներգրավված, իսկ ընդդիմության մեջ ամենահմուտ, գրագետ և պատրաստված հատվածն է՝ փորձառու իրավաբաններ, մտածելու ունակ մարդիկ։ Իսկ մեր ազգը, որն առանձնապես մեծաքանակ չէ, և ըստ այդմ էլ՝ պոտենցիալը մեծ չէ, չի կարող նման շռայլություն իրեն թույլ տալ և խելացի գլուխներին, փորձառու մասնագետներին չօգտագործել ի շահ ազգի ու պետության։
Երեք տարի շարունակ մենք՝ լրագրողներս, քաղաքագետներ, վերլուծաբաններ, քաղաքական գործիչներ, պնդում ենք, որ հարկավոր է այս ազգի ողջ ներուժն օգտագործել՝ պետության առջև ծառացած խնդիրները լուծելու համար։ Որ անթույլատրելի, հանցավոր շռայլություն է Դավիթ Հարությունյանի, Վաչե Գաբրիելյանի, Վարդան Արամյանի, Արփինե Հովհաննիսյանի, Արմեն Աշոտյանի, Էդվարդ Նալբանդյանի և շատ ուրիշների փորձն ու հմտություններն այս բարդ փուլում չօգտագործելը, դա առնվազն թշնամություն է մեր երկրի հանդեպ։ Բայց մարդիկ 18-ին գիծը գծել են՝ մենք և նրանք։ Մերոնց՝ արտոնություններ, նրանց՝ հալածանք ու մերժում»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։