2017 թվականից ի վեր առաջին անգամ. Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի նորընտիր նախագահ Իցհակ Հերցոգի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել իսրայելցի պաշտոնակցի` Իցհակ Հերցոգի հետ՝ վերջինիս պաշտոնավարման մեկնարկից ի վեր: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը` հղում անելով թուրք առաջնորդի գրասենյակին:
Նախագահ Էրդողանն ընդգծել է, որ չնայած բոլոր տարաձայնություններին` կարևոր է պահպանել շփումն ու երկխոսությունը:
«Միջազգային համայնքն ակնկալում է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը կկարգավորվի ՄԱԿ-ի բանաձևերի շրջանակում»,- ասվում է Էրդողանի գրասենյակի հաղորդագրության մեջ:
Թուրք նախագահն ընդգծել է նաև, որ թուրք-իսրայելական հարաբերությունները մեծ նշանակություն ունեն Մերձավոր Արևելքի կայունության և անվտանգության համար: Էրդողանը շնորհավորել է Հերցոգին Իսրայելի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Իսրայելական «Մանրամասներ» հրատարակությունը հիշեցնում է, որ սա Էրդողանի և իսրայելցի բարձրաստիճան գործչի միջև առաջին զրույցն է 2017-ի հուլիսից ի վեր, երբ Թուրքիայի նախագահը զրույց ունեցավ Ռեուվեն Ռիվլինի հետ: