Լավրովը դրական ազդանշան է անվանել ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցչի հետ հանդիպումը
Հուլիսի 12-ին Մոսկվայում բանակցություններ են տեղի ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ նախագահի կլիմայական հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջոն Քերիի (ԱՄՆ նախկին պետքարտուղար 2013-2017 թվականներին) միջև: Այս մասին գրում է EADaily լրատվականը:
Հանդիպման սկզբում Լավրովը հայտարարել է, որ Քերիի այցը նպաստում է երկու պետությունների հարաբերություններում լարվածության թուլացմանը և դրական ազդանշան է:
«Ձեր այցը Մոսկվա մենք շատ, շատ ժամանակին ենք համարում: Ձեր այցը ես համարում եմ նաև կարևոր և դրական ազդանշան երկկողմ հարաբերությունների զարգացման, դրանց լարվածության վերացման և առարկայական և մասնագիտական աշխատանք ստեղծելու տեսանկյունից այն ոլորտներում, որտեղ մենք կարող ենք գտնել ընդհանուր հայտարարներ»,- ողջունել է Լավրովը ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցչին:
Պետդեպարտամենտի մամուլի ծառայության հաղորդմամբ, Քերրին Մոսկվայում կլինի հուլիսի 12-ից 15-ը, իր ուղևորության շրջանակներում, նա հանդիպելու է Ռուսաստանի կառավարության ներկայացուցիչների հետ: