«ԵՄ չափահաս բնակչության 70%-ի համար 500 միլիոն չափաբաժին պատվաստանյութ է առաքվել»․ Եվրահանձնաժողովի նախագահ
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը մամուլի ասուլիսի ընթացքում տեղեկացրել է, որ ԵՄ տարածքում առաքվել է 500 միլիոն չափաբաժին պատվաստանյութ, ինչը բավական է չափահաս բնակչության առնվազն 70 տոկոսին պատվաստելու համար, հայտնում է Greek City Times թերթը։
«Մենք բավարար չափով պատվաստանյութ ենք առաքել ԵՄ անդամ պետություններին, որ կկարողանան այս ամսվա ընթացքում չափահաս բնակչության առնվազն 70 տոկոսին պատվաստել», - ասել է ֆոն դեր Լեյենը՝ հավելելով, որ պատվաստումների արշավն արագացել է և նշել, որ միայն միասին հնարավոր կլինի դուրս գալ այս ճգնաժամից։ Նա հավելել է, որ մինչև կիրակի շուրջ 500 միլիոն չափաբաժին պատվաստանյութ կբաշխվի Եվրամիության ամբողջ տարածքում։
Եվրահանձնաժողովի նախագահը շեշտել է, որ միայն պատվաստումների թվի աճի դեպքում է հնարավոր ապահով լինել՝ շեշտելով, որ պատրաստ են ավելի շատ պատվաստանյութեր տրամադրել։