Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են ԼՂ Վարանդայի շրջանում կասետային ռումբի պայթյունից տուժած ադրբեջանցու մասին
Հուլիսի 12-ին, ժամը 11:00-ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի՝ ներկայում Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում կասետային զինամթերքի պայթյունի հետևանքով ծանր վիրավորվել է Եվլախի շրջանի բնակիչ:
Ինչպես նշում է minval.az-ը, այս մասին հայտնել են Վարանդայի դատախազությունից:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ վարորդը՝ 1987թ. ծնված Էլշան Խալիլովը ներկայում Բաքվի վերահսկողության տակ գտնվող Կարախանբեյլի գյուղի տարածքում աշխատանքների ընթացքում տարբեր ծանրության վնասվածքներ է ստացել չպայթած կասետային ռումբի մարտագլխիկի հետ շփման պատճառով:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։