«Ցավալիորեն, այսօր մեր օրը չէր». արքայազն Ուիլյամը մեկնաբանել է «Եվրո-2020»-ի եզրափակչում Անգլիայի հավաքականի պարտությունը
Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը, որը նաև Անգլիայի Ֆուտբոլային միության նախագահն է, հայտարարել է, որ Անգլիայի հավաքականի պարտությունը «Եվրո-2020»-ի եզրափակչում անչափ ցավալի է:
Խաղից հետո համապատասխան հայտարարությունը հրապարակվել է Քեմբրիջի դուքս և դքսուհի Ուիլյամի և Քեյթի պաշտոնական թվիթերյան էջում:
«Ցավալի է: Շնորհավորանքներ «Ազուրայի» (Իտալիայի հավաքականին անվանում են Սկուադրա Ազուրա) փայլուն հաղթանակի կապակցությամբ: Մենք այսքան հեռու հասանք, սակայն ցավալիորեն, այսօր մեր օրը չէր: Բոլորդ բարձր պահեք գլուխներդ և հպարտ եղեք ինքներդ ձեզնով: Վստահ եմ` մեզ դեռ ավելին է սպասվում»,- ասվում է արքայազն Ուիլյամի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ «Եվրո-2020»-ի եզրափակիչ հանդիպումն Անգլիայի և Իտալիայի հավաքականների միջև կայացել է հուլիսի 11-ին՝ Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում: Քեմբրիջի դուքսն ու դքսուհին իրենց ավագ որդու` 7-ամյա Ջորջի հետ ներկա են գտնվել խաղին: Խաղը հիմնական ժամանակում ավարտել է 1:1 հաշվով, այնուհետև տեղափոխվել լրացուցիչ ժամանակ: Խաղի ելքը որոշվել է 11 մետրանոց հարվածաշարերով: