Արսեն Ջուլֆալակյանն ավարտել է մարզիկի պրոֆեսիոնալ կարիերան
Արսեն Ջուլֆալակյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում հայտնել է մարզիկի պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին։ «Պաշտոնապես հայտարարում եմ մարզիկի պրոֆեսիոնալ կարիերայիս ավարտի մասին: 23 տարի, Աշխարհի և Եվրոպայի չեմպիոնի, Աշխարհի գավաթակրի, Օլիմպիական փոխչեմպիոնի նվաճված տիտղոսներ, աննկարագրելի զգացողություններ, անթիվ-անհամար հիշողություններ… Երջանիկ եմ, որ հնարավորություն եմ ունեցել բարձր պահել Հայաստանի Հանրապետության պատիվը համաշխարհային ամենահեղինակավոր մրցաշարերում, հնչեցնել Հայոց Հիմնը և պարգևել ուրախության և հաղթանակի ակնթարթներ հազարավոր մեր հայրենակիցներին աշխարհով մեկ: Այդ զգացումն ուղղակի անկրկնելի է:
Իրականում շատ երկար կարելի է արտահայտվել, բայց կբավարարվեմ միայն շնորհակալական խոսքով, իսկ ավելի ծավալուն կխոսեմ մամլո ասուլիսի և հարցազրույցների ձևաչափով:
Առաջին հերթին շնորհակալ եմ ընտանիքիս և այն մարզիչներիս, ովքեր անշահախնդիր և իրապես նվիրվեցին այս ծանր գործին: Ձեր շնորհիվ միայն հնարավոր եղան այս մեծ նվաճումները: Շնորհակալ եմ ընկերներիս,ովքեր անկախ իրավիճակից, երբեք չլքեցին ինձ: Իհարկե, այդ շրջանակը լրջագույն ֆիլտրացիայի ենթարկվեց: Շնորհակալ եմ գերմանական KSV Aalen 05 և ֆրանսիական C.P. Besançon ակումբներին, որոնցում ընդհանուր առմամբ 9 տարի հանդես եկա:
Թերագնահատել նրանց ներդրումը հաղթանակներիս և կայացմանս մեջ ուղղակի անհնար է:
Եվ որ էլ ավելի կարևոր է, ձևավորվեցին շատ ջերմ, ընկերական հարաբերություններ և միջազգային կապեր:
Շնորհակալություն Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիային, ՀԱՕԿ-ին և երջանկահիշատակ սպորտի նախարարությանը՝ աջակցելու և գնահատելու համար արված աշխատանքը: Շնորհակալ եմ բոլորին, ովքեր ուրախացել և տխրել են իմ հաղթանակներով և պարտություններով: Հպանցիկ նշեմ նաև չարախոսներին և վատաբանողներին: Կեցցե՛ք, ձեր քայլերով և ձեր առողջության հաշվին մոտիվացրեցիք ինձ և տվեցիք այն սպորտային ագրեսիան,որը երբեմն կարող էր պակասել: Շարունակե՛ք նույն ոճով:
Եվ իհարկե, շնորհակալություն սպորտային անաչառ լրագրողներին, ովքեր այդ ամենը լուսաբանեցին: Հանրագումարի բերելով նվաճումները. Օլիմպիական 3 խաղերի ուղեգրերի նվաճում(Պեկին, Լոնդոն, Ռիո):
Լոնդոն 2012-ի արծաթե մեդալ Աշխարհի առաջնությունների 4 մեդալ՝ ոսկի, արծաթ, 2 բրոնզ Եվրոպայի առաջնությունների 4 մեդալ՝ ոսկի, արծաթ, 2 բրոնզ Աշխարհի գավաթի ոսկե և բրոնզե մեդալ Ունիվերսիադայի բրոնզե մեդալ Երիտասարդների աշխարհի չեմպիոն Երիտասարդների Եվրոպայի առաջնությունների արծաթ և բրոնզ Պատանիների Եվրոպայի առաջնությունների կրկնակի չեմպիոն Հայրենիքին մատուցած ծառայությունների 1-ին և 2-րդ աստիճանի մեդալ ԵՊՀ Ոսկե մեդալ ՀՀ 2012թ լավագույն մարզիկ Սպորտի վաստակավոր վարպետ»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։