2012-ին փաստաբան Վահե Գրիգորյանն էր դիմում ՍԴ՝ հավասարության սկզբունքը խախտելու հիմքով․ Արամ Վարդեւանյան
Այս ընտրությունները բոլոր նախորդներից տարբերվում է նաեւ մեկ առանձնահատկությամբ՝ այն սկսվել է ոչ թե նախագահի հրամանագրով, այլ շատ ավելի վաղ, մարտ ամսից․ մարտին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը հայտարարություն է տարածում Ֆեյսբուքի միջոցով, թե արտահերթ ընտրություններ են լինելու, եւ դրանք լինելու են հունիսի 20-ին։ Այս մասին 5-րդ ալիք ՀԸ «Հարցազրույց» հաղորդաշարին հայտնել է «Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ, սահմանադրագետ Արամ Վարդեւանյանը։
«Նախ՝ վարչապետը չունի այդպիսի լիազորություն՝ նշանակել արտահերթ ընտրություններ, նա, իր կարգավիճակից ելնելով, կարող է նախաձեռնել դրանք։ Օրը նշանակելը նախագահի լիազորությունն է, նա առանց այդ էլ սահմանափակ լիազորություններ ունի եւ դրանց պետք է վերաբերվել բծախնդրությամբ։ Փաստորեն Սահմանադրության կոպիտ խախտմամբ են ընտրություններ նշանակվել։ Մենք 12 հիմքով դիմել ենք ՍԴ, որոնք քանակական եւ որակական խնդիրներ են, սա հենց այդ որակական խնդիրներից մեկն է։ ՍԴ-ում ընտրական վեճերի քննությունն ունի մի շատ հետաքրքիր առանձնահատկություն․ այստեղ գործում է վստահության կանխավարկածը։ Եթե դիմող կողմը բողոք է ներկայացնում, մինչեւ այն չի հերքվում, մնում է հավաստի։ ՀՀ նախագահը միայն մայիսի 10-ին է այդ հրամանագիրը ստորագրել, այդ հարցը կարող էր պարզաբանել միայն նա՝ ներկայանալով ՍԴ։
Վարչապետը քննարկում էր նախաձեռնել ԲՀԿ-ի, ԼՀԿ-ի ու ՀՀ նախագահի հետ, մի կողմ թողնենք, որ նրանք ամբողջ հասարակությունը չեն ներկայացնում, նախագահը պետք է նախաձեռներ այդ քննարկումը, ստացվում է, որ վարչապետը քննարկում է, ինքն էլ օրը որոշում է, ինքն էլ իր Ֆեյսբուքով հայտարարում է։ Պրոցեսի կառավարումը եղել է մեկ ուժի ձեռքում։ Մինչեւ այդ՝ դեկտեմբերին, նա հայտարարեց, թե քննարկումներ է սկսում արտահերթի շուրջ, հունվարի վերջին ասաց՝ չենք անում, դրա կարիքը չկա։ Մարտից հետո էլ կարո՞ղ էր ասել՝ չէ, չենք անում ընտրություններ, իհարկե, կարող էր։ Մեկ ուժ կար միայն, որ գիտեր՝ կլինի՞, թե՞ չի լինի։ Մարտ ամսից էլ մենք տեսնում ենք փաստացի քարոզարշավ», ասաց Արամ Վարդեւանյանը։
Ըստ «Հայաստան» դաշինքի ներկայացուցչի, այդ օրերից էլ նա այցելում էր մարզեր, փաստացի նախընտրական հանդիպումներ ունենում աշխատանքային ժամին։
«Վարչական ռեսուրսի չարաշահումը սկսվել է մարտ-ապրիլ ամիսներից, փաստացի նախընտրական նա քարոզարշավային վարքագիծը սկսել էր, այն իրականացնում էր մեկ ուժ, մյուսների հանդեպ առավելություն ստանալով, քանի որ մյուսները համարում էին, որ նախագահի հրամանագիր պետք է լինի, որպեսզի համոզվեն, որ ընտրություններ լինելու են։ Մարդիկ մինչեւ վերջ կասկածում էին, որ լինելու են ընտրություններ, իրենց կողմից էլ էին ազդակներ տրվում՝ դե, մի հատ կհասկանանք՝ երբ է հրաժարական տրվելու եւ այլն։
Համեմատության համար նշեմ, որ 2012 թվականին, այսօր արդեն ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը, այն ժամանակ որպես փաստաբան, դիմում էր ներկայացրել ՍԴ խորհրդարանական ընտրություններն անվավեր ճանաչելու վերաբերյալ, եւ դա կառուցված էր մեկ հիմքի վրա․ ընտրարշավում հավասարության սկզբունքը խախտվել է՝ ուժերից մեկը, ունենալով վարչական ռեսուրս, մասնակցել է քարոզարշավին։ Հիմա մի քիչ մոտեցնենք մեր իրավիճակին․ պատկերացրեք՝ դուք վարչապետ եք, եւ կառավարության նիստում որոշում եք բոլոր գերավճարները վերադարձնել իրավաբանական անձանց։ Դրան էլ գումարենք պարգեւավճարները, որ այդ ժամանակահատվածում տրվել են, գումարենք մարզպետների կողմից համայնքներին բաշխումները։ Տեսեք՝ ինչ է ասում Վենետիկի հանձնաժողովը, ոչ ոք չի ասում, որ իշխող ուժը չի կարող մասնակցել, բայց որոշակի սահմանափակումներով ու զսպվածությամբ, չէ որ իշխանական դիրքից ես հանդես գալիս։
Գնում ես մարզ՝ հանդիպման, ոստիկանական հսկայական ռեսուրսով, մարդիկ էլ տեսնում են, որ հանդիպող անձը վարչապետն է, հետո էլ հասնում ենք լռության օրվան, երբ բոլոր ուժերը պահպանում են լռություն, իսկ մեկ ուժ՝ ՔՊ-ի թեկնածուն, խոսում է, որն, ի դեպ, ոչ թե արձակուրդում էր, այլ վերադարձել էր, եւ ասում է՝ անպայման գնացեք ընտրությունների, ինչը եւս կոպիտ խախտում է», ասաց սահմանադրագետը։
Արամ Վարդեւանյանն ասել է, որ վարչապետի պաշտոնակատար մնալն էլ է խնդիր․ մարդը հրաժարվեց իր պարտականությունները կատարելուց, բայց, ինչպես նախորդ այլ իրավիճակներում, ազդակ տվեց, որ շարունակելու է պահպանել իր լիազորությունները։ Այդ հարցով եւս մենք դիմել ենք ՍԴ՝ հավասարությունը խախտելու համար։ Նաեւ մարդիկ են ազատել աշխատանքից, ուրիշի քարոզարշավին մասնակցելու համար, այս բոլոր գործողություններն, ըստ նրա, ազդել են ընտրության արդյունքի վրա։
«Մենք ակնհայտորեն ունենք սահմանադրական խնդիր․ այդ որակական խնդիրների հանրագումարով պետք է գնահատական տրվի», ասաց նա։
«Իքս անձը ցանկանում է ձայնը տալ ընդդիմադիր ուժի եւ լսում է, որ ինչ-որ մեկն ասում է՝ վենդետա ենք անելու, իհարկե՝ կարող է վախենալ հետեւանքներից, ազդո՞ւմ է ընտրության արդյունքի վրա, իհարկե՝ ազդում է։ Մանավանդ, որ տեսնում ենք դրա արդյունքները, երբ նա սպառնում է՝ հետո իրականացնում է։ Մարդիկ նրա հանրահավաքին մուրճով էին եկել, բազմաթիվ մարդիկ խուսափել են ընտրության գնալուց, շատերը, վախից, գնացել ու ձայնը տվել են ՔՊ-ին։ Ատելության խոսքն էլ գումարած, ուրիշ արդյունք այս ընտրություններում չէր կարող լինել։ 200 հազար ձայնը, որ ավելացվել են ստացած ձայներին, արդեն քանակական խնդիրն է», ասաց Ա․Վարդեւանյանը։
Այդ ձայներն, ըստ սահմանադրագետի, չեն մտնում վախի մթնոլորտի, վարչական ռեսուրսի չարաշահման արդյունքում ՔՊ-ի ստացած ձայների մեջ։
«1 մլն 281 հազար մասնակիցներից 105 հազարի անձնագիրը չի աշխատել։ Ընտրական այս կանոնի համար միլիոնավոր դոլարներ են ծախսվել։ Զինծառայողները քվեարկում են զինգրքույկով, նրանց քվեարկությունը կեղծելը դպրոցականը կարող է անել, կարելի է տասը տարբեր անուններով մեկ անձի զինգրքույկ տալ եւ վերիֆիկացիայի ոչ մի հնարավորություն չկա։ 24 հազար մարդու նկարը դուրս չի եկել։ Մենք գտել ենք 4 հազար մարդու ստորագրություն, որոնք չկան։ Վերջնական ցուցակում գրված է, որ 109 ընտրատեղամասում 88 հազար մարդ է ներկայացված, հաշվում ենք՝ 84 հազար է։ Մի բան էլ ենք արձանագրել, որ նախորդ ընտրություններում չէր եղել․ մատյաններում էջեր կային, որոնք կրկնվում էին։ Այսինքն՝ նշված են անձանց անուններ, հաջորդ էջում նույն անուններն են», ասաց Ա․Վարդեւանյանը։
Ըստ «Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցչի՝ նախորդ եւ այս ընտրություններում ՔՊ-ի ստացած մանդատների տարբերությունը ոչ թե 17 է, այլ՝ մեկ մանդատ, ինչը Սահմանադրության հոդվածի տարակուսելի արդյունք է, ինչը նշանակում է, որ սահմանադրական օրենքներ իշխող ուժը չի կարող ընդունել։