Լուիզիանայում 12-ամյա տղան մահացու վիրավորել է զինված հանցագործին
Լուիզիանայում 12-ամյա տղան մահացու վիրավորել է զինված հանցագործին, որը իրենց տանը սպառնացել է իր մորը, հայտնում է Washington Examiner-ը:
Տղան, վախենալով մոր կյանքի համար, որսորդական հրացանով կրակել է Քլինթոնից դեպի արեւելք գտնվող իրենց տուն ներխուժած 32-ամյա Բրեդ Լեբլանի վրա, ասվում է հուլիսի 1-ին Իստ Ֆելիսիանա շրջանի շերիֆի գրասենյակի հաղորդագրության մեջ:
«Վկաները հայտարարել են, որ հանցագործը տուն է մտել կողոպուտ կատարելու համար: Տղամարդը իր հետ ունեցել է հրազեն»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:
Դեպքի վայր են ուղարկվել փրկարարներ, եւ Լեբլանին արհեստական շնչառություն են տվել, նախքան նրան տեղի բժշկական հաստատություն տեղափոխելը: Իստ Ֆելիսիանա շրջանի հիվանդանոցում նա մահացած է հայտարարվել:
«Այս պահին Իստ Ֆելիսիանա շրջանի շերիֆի գրասենյակը որեւէ ապացույց չունի, որ 12-ամյա տղան հանցագործություն է կատարել»,- ասէ շերիֆ Ջեֆ Թրեւիսը:
Հետաքննությունն ավարտելուց հետո շերիֆի վարչակազմը կդիմի շրջանի դատախազին, որը կորոշի արդարացի է արդյոք պատանու կողմից կողոպտչին սպանելը:
Թրեւիսը կապվել է տղայի մոր հետ, ով նրան տեղեկացրել է, որ դեպքից հետո որդին համապատասխան հոգեբանական օգնություն է ստանում: