Էրդողանի շքեղ ամառային պալատները զայրացնում են օրվա հացի համար պայքարող քաղաքացիներին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նոր ամառային պալատի վերջերս հրապարակված նկարները վրդովեցրել են թուրք բնակիչներին, որոնք պայքարում են իրենց ընտանիքներին սննդով ապահովելու համար՝ գրում է National-ը:
Երկու տարի առաջ կառուցված, Մարմարիսից հյուսիս գտնվող, 74 միլիոն դոլար արժողությամբ պալատի առաջին նկարները ցուցադրվել են Թուրքիայի տնտեսական ճգնաժամի ֆոնին, երբ ավելանում է աղքատությունը, ռեկորդային մակարդակի հասնում գնաճը:
Լուսանկարների հրապարակումը համընկել է նաև Էրդողանի կնոջ՝ Էմինեի ծաղրական մեկնաբանությունների հետ: Թուրքիայի առաջին տիկինը մարդկանց առաջարկում է կրճատել իրենց սննդի չափաբաժինը՝ խուսափելու համար ավելորդ ծախսերից: Շատ քաղաքացիներ արձագանքել են՝ մատնանշելով Էմինեի շքեղության հանդեպ թուլությունը՝ ասում է National-ը:
Մարդիկ դժգոհում են, որ իրեն հասարակ մարդ ներկայացնող նախագահն այսօր ապրում է սուլթանի նման, շքեղ պալատներում: Ընդդիմադիր պատգամավորներից մեկն էլ նշել է, որ Էրդողանը պալատներ ունի նաև Անկարայում ու Վանում, ինչպես նաև մասնավոր օդանավեր: Ըստ ընդդիմադիր գործչի՝ ժողովուրդը հոգնել է իշխանությունների երկերեսանիությունից, մարդիկ զայրանում են այդ շքեղությունից, քանի որ մեծ դժվարությամբ են օրվա հացը ձեռք բերում: