Թավշյա ժողովրդավարություն, պողպատյա բռնապետություն․ Փաշինյանն առանց ձևականությունների գնում է դեպի բռնապետություն, որը շղարշված է լինելու ժողովրդավարության ֆորմալ կառուցակարգերով. «168 ժամ»
«Երեկ Սահմանադրական դատարանը (ՍԴ) սկսել է արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած չորս ուժերի դիմումների քննությունը՝ կապված ընտրությունների ընթացքում տեղ գտած խախտումների հետ։ ՍԴ-ն իր որոշումը կայացնելու է 8-օրյա ժամկետում, այդ ընթացքում դատարանում պահպանվելու են բոլոր իրավական ընթացակարգերը, հնչելու են տասնյակ ելույթներ, ծավալվելու են բանավեճեր և այլն։ Բայց դրանք որևէ ազդեցություն չեն ունենալու ՍԴ-ի կողմից կայացվելիք որոշման վրա, ինչպես որ դրա վրա չեն ազդելու դիմումատուների հիմնավորումներն ու փաստարկները։
Սահմանադրական դատարանն իր որոշումը կայացնելու է ոչ թե օրենքի ու օրինականության, այլ «պողպատի» տրամաբանությամբ, ինչը նշանակում է, որ դրա հիմքում ընկած է լինելու ոչ թե իրավականությունը, այլ քաղաքական նպատակահարմարությունը, իմա՝ իշխանության ցանկությունը։ Խիստ «պատահականորեն» ՍԴ նիստի նախօրեին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մենք ունենալու ենք «մեր երազանքների դատական համակարգը», ինչը, բնականաբար, վերաբերում է նաև Սահմանադրական դատարանին։
Նիկոլ Փաշինյանի տրամաբանությունն այն է, որ հանրային ու պետական կառավարման բոլոր կառույցները՝ սկսած տեղական ինքնակառավարման մարմիններից (ՏԻՄ)՝ գյուղապետ-համայնքապետ-քաղաքապետերից մինչև դատական իշխանություն, վերջացրած իրավապահ մարմիններից մինչև Սահմանադրական դատարան, պետք է ծառայեն իշխանությանը։
Հենց այդ գործընթացն է հիմա տեղի ունենում անհնազանդ ՏԻՄ ղեկավարների նկատմամբ, հենց այդ տրամաբանությամբ է իշխանությունն ազդարարում պետական համակարգում կատարվելիք կադրային ջարդը։
Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն առանց ձևականությունների գնում է դեպի բռնապետություն, որը շղարշված է լինելու ժողովրդավարության ֆորմալ կառուցակարգերով։ Նա ցանկանում է կառուցել ձևով՝ ժողովրդավարական, բովանդակությամբ՝ բռնապետական իշխանություն, և այդ ճանապարհին ըստ էության գոնե առայժմ որևէ խոչընդոտի չի հանդիպում։
Ժողովրդավարության պաշտպանության ջատագով համարվող արևմտյան կառույցներն ու դեսպանատները համեստորեն լռում են Նիկոլ Փաշինյանի անգամ ամենահակաժողովրդավարական քայլերի առիթով, ինչը նշանակում է, որ Հայաստանում բռնապետության հաստատումը բխում է նրանց շահերից։
Նույնը վերաբերում է նաև Ռուսաստանին, որի նախագահի հայտարարած «ցավոտ ու զգայուն» քայլերի իրականացման համար Հայաստանում բռնապետական բովանդակությամբ իշխանությունը կենսական անհրաժեշտություն է։
Դա նշանակում է, որ առաջիկայում Հայաստանի իշխանությունը կատարելու է քայլեր, որոնց նկատմամբ հնարավոր դիմադրությունը չի բխում ո՛չ Արևմուտքի, ո՛չ Ռուսաստանի շահերից։
Հենց այս լայն՝ աշխարհաքաղաքական լրջագույն բաղադրիչ ունեցող համատեքստն է կանխորոշելու Սահմանադրական դատարանի կողմից կայացվելիք որոշման բովանդակությունը, և ոչ թե այն, թե որքանով փաստարկված ու հիմնավոր կլինեն ընտրությունների արդյունքները վիճարկողների դիմումները։
Մնացածն իրավական ֆորմալիզմ է, որը պահպանելով՝ Սահմանադրական դատարանն իր լուման կներդնի Հայաստանում թավշյա, երկակի ստանդարտներով ժողովրդավարության ու պողպատյա բռնապետության հաստատման գործընթացում»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։