ԱՄՆ-ն «սև ցուցակ»-ում է ներառել ռուսական 3 ընկերություն և ՌԴ-ից 3 ֆիզիկական անձ
Միացյալ Նահանգների առևտրի նախարարությունը «սև ցուցակ»-ում է ներառել նաև 3 ռուսական ընկերություն և 3 ֆիզիկական անձ Ռուսաստանի Դաշնությունից, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
ԱՄՆ-ն, ընդհանուր առմամբ, «սև ցուցակում» ավելացրել է ավելի քան 30 նոր կազմակերպություն և ֆիզիկական անձ, որոնցից 3-ը ռուսական կազմակերպություններ, իսկ 3-ը ՌԴ-ից ֆիզիկական անձինք են։ Խոսքը «Տեսոն» ՍՊԸ-ի, «Ռադիան» ընկերությունների խմբի և TradeComponent ՍՊԸ-ի, ինչպես նաև դրանց հետ կապված երեք անձի մասին է:
Նման միջոցառումների պատճառը «ԱՄՆ-ի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության շահերին հակասող գործունեության համար ապրանքներ (այդ թվում ՝ ամերիկյան ծագում ունեցող) ձեռք բերելու փորձերն են»:
Անցյալ տարի առևտրի նախարարությունը ցուցակում ավելացրել էր ռուսական 3 այլ կազմակերպություն։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Սինցզյան-Ույղուրյան ինքնավար շրջանում մարդու իրավունքների խախտումների առնչությամբ առնվազն 10 չինական կազմակերպության կներառի իր տնտեսական «սև ցուցակում»։ Աղբյուրների համաձայն՝ սա վերաբերում է առնվազն 10 ընկերությունների նկատմամբ տնտեսական սահմանափակումներին: