ԵՄ բնակչության թվաքանակը համավարակի շրջանում նվազել է
Եվրամիության բնակչության ընդհանուր թվաքանակը նվազել է՝ 447,3 մլն-ից 2020թ. հասնելով 447 մլն մարդու։ Այս մասին տեղեկացրել է եվրոպական Եվրոստատ վիճակագրական գործակալությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Հետազոտողները նշում են, որ հազարամյակի սկզբից ԵՄ բնակչության թիվն անշեղորեն ավելացել է, հիմնականում ի հաշիվ միգրացիայի։ Հեղինակները ենթադրում են, որ Եվրամիության բնակիչների թվաքանակի կրճատումը անցած տարի պայմանավորվել է կորոնավիրուսի համավարակի բացասական ազդեցությամբ։
Գործակալության հաղորդագրությունում նաեւ ասվում է այն մասին, որ ԵՄ բնակչությունը շարունակում է ծերանալ։ 80 եւ ավելի տարիքի մարդկանց բաժինը վերջին 20 տարիներին գրեթե կրկնապատկվել է՝ 2001թ. 3,4 տոկոսից 2020թ. հասնելով 5,9 տոկոսի։ Քաղաքներում աշխատունակ տարիքի անձանց բաժինն ավելի մեծ է, քան գյուղական վայրերում, իսկ պտղաբերության գործակիցը գյուղական վայրերում ավելի բարձր է, քան քաղաքներում։
Եվրոպացի մայրերի միջին տարիքը առաջին երեխան ունենալու ժամանակ 2013թ. 28,8 տարեկանից 2019թ. հասել է 29,4 տարեկանի։ Ընդ որում՝ 40-ից բարձր տարիքի մայրերի մանկածնության բաժինը ԵՄ-ում ավելացել է ավելի քան կրկնակի՝ 2001թ. 2,4 տոկոսից 2019թ. հասնելով 5,4 տոկոսի։
2014-2019թթ. շրջանում Մարոկոյի եւ Ալբանիայի քաղաքացիները երկու խոշոր խմբերն էին, որոնք ստացել են ԵՄ անդամ պետության քաղաքաիցություն։ 2014-2018թթ. Թուրքիայի քաղաքացիները կազմել են քաղաքացիություն ստանալու մեծությամբ երրորդ խումբը։ Սակայն 2019թ. այդ տեղը զբաղեցրել են Մեծ Բրիտանիայի քաղաքացիները։
Հետազոտության հեղինակները կանխատեսում են, որ 2080թ. ԵՄ բնակչության թվաքանակը կկրճատվի՝ կազմելով 419 մլն մարդ։