Հոնկոնգում 12 մլն ԱՄՆ դոլարով ադամանդ է վաճառվել
Ուրբաթ Հոնկոնգի աճուրդում D գունային կարգի 101,38 կարատանոց տանձաձեւ ադամանդ է վաճառվել ավելի քան 12 մլն ԱՄՆ դոլարով։ Առաջին անգամ այդքան թանկարժեք լոտը կարելի է գնել կրիպտոարժույթով, բայց առայժմ պարզ չէ՝ կօգտվի՞ արդյոք գբորդն այդ հնարավորությունից, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Սակարկությունները սկսվել են 50 մլն հոնկոնգյան դոլարից (6,44 մլն ԱՄՆ դոլար)։ Մի երկու րոպե հետո արվել է առավելագույն դրույքը՝ 81 մլն հոնկոնգյան դոլար (10,43 մլն ամերիկյան դոլար), որն արդեն ոչ ոք չհամարձակվեց ավելացնել։ Լոտի վերջնական գինը բոլոր տուրքերով ու միջնորդավճարներով հասավ 95 135 000 հոնկոնգյան դոլարի (12,25 մլն ամերիկյան դոլար), նշել են աճուրդների տանը։
Գնորդի անունը չի նշվում։ Նաեւ առայժմ չի ճշտվում, թե կօգտվի արդյոք նա կրիպտոարժույթով վճարելու հնարավորությունից, թե վճարումը կկատարի սովորական փողով։
The Key 10138 անունն ստացած ադամանդի արժեքը գնահատվում է 10-15 մլն ԱՄՆ դոլար։ Սա աճուրդում ներկայացված ամենաթանկ ֆիզիկական առարկան է, որը կարելի է գնել կրիպտոարժույթով։