«ՌԴ-ն Աֆղանստանի հարցում ոչ մի քայլ չի ձեռնարկի, քանի դեռ գործողություններն ընթանում են երկրի ներսում»․ Լավրով
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ Ռուսաստանն Աֆղանստանի հարցում ոչինչ չի ձեռնարկի, քանի դեռ գործողություններն այդ երկրի ներսում են ծավալվում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակաությունը։
«Անդրադառնալով թալիբների կողմից Տաջիկստանի և Իրանի հետ սահմանային կետերի գրավմանը պետք է նշել, որ, քանի դեռ գործողություններն ընթանում են Աֆղանստանի տարածքում, մենք ոչ մի միջոց չենք ձեռնարկի՝ բացի համառորեն կոչ հղելուց, որ բոլոր աֆղանների աջակցությունը ստացած քաղաքական գործընթացը հնարավորինս շուրտ սկսվի», - ասել է Լավրովը՝ հավելելով, որ Մոսկվան աջակցում է Վաշինգտոնի և «Թալիբան» շարժման միջև ձեռք բերված համաձայնագրերի իրականացմանը։
Աֆղանստանում բախումներ են տեղի ունենում կառավարական զորքերի և «Թալիբան» շարժման միջև, որոնք նշանակալի տարածքներ են գրավել գյուղական բնակավայրերում և նախահարձակ գործողություններ սկսել մեծ քաղաքների ուղղությամբ: Աֆղանստանի կառավարության ու «Թալիբան» շարժման միջև խաղաղության շուրջ բանակցությունները մեկնարկել են 2020 թվականի սեպտեմբերի 12-ին Կատարի մայրաքաղաք Դոհայում։
Այժմ շարժման քաղաքական գրասենյակի պատվիրակությունը գտնվում է Մոսկվայում և հանդիպել Աֆղանստանում Ռուսաստանի Դաշնության նախագահի հատուկ բանագնաց Զամիր Քաբուլովի հետ։ Հանդիպման ընթացքում թալիբները խոստացել են, որ թույլ չեն տա ԻՊ ներկայությունը երկրում և չեն խանգարի հարևան պետություններին։