ԵՄ-ն 1․6 մլրդ եվրո կհատկացնի ՀՀ–ում «առաջնահերթ հատուկ ծրագրերի» իրականացմանը և կարող է այդ նպատակով մոբիլիզացնել մինչև 2.6 մլրդ եվրո. Օլիվեր Վարհեի
Եվրամիությունը 1,6 մլրդ եվրո կհատկացնի Հայաստանում «առաջնահերթ հատուկ ծրագրերի» իրականացմանը, որոնք ուղղված են երկրում տնտեսական աճ ապահովելուն և աշխատատեղերի ավելացմանը: Իսկ ընդհանուր առմամբ, Եվրամիությունը այս ծրագրի ներքո կարող է 2,6 մլրդ եվրո մոբիլիզացնել Հայաստանի համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հուլիսի 9-ին Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ համատեղ հայտարարությունների ժամանակ ասել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին՝ նշելով, որ Հայաստան կատարած իր այցելության նպատակը տնտեսական և ֆինանսական ներդրումների այն մեծ փաթեթն է, որն ինքն իր հետ բերել է որպես նվեր հյուրընկալող հայկական կողմին:
«Կարծում եմ՝ այս ծրագիրը լրջագույն հնարավորություն է ստեղծում Հայաստանի համար, և ես լիահույս եմ, որ մենք կարող ենք վարչապետի և փոխվարչապետի հետ ակտիվորեն աշխատել, որպեսզի սա իրականություն դառնա: Արդյունքներն ապահովելու համար 4 տարի ժամանակ ունենք: Ես իմ կողմից պատրաստ եմ», - նշեց Օլիվեր Վարհեին:
Նա հավելեց՝ պատրաստ են շատ մեծ չափի ներդրումը շատ օպերատիվ ձևով իրագործել Հայաստանի տնտեսական վերականգնման համար՝ Արևելյան գործընկերության ողջ տարածաշրջանի հետ միասին: «Մենք աշխատել ենք այս ծրագրի վրա Հայաստանի կառավարության հետ միասին: Այս ծրագրի արդյունքում տնտեսական աճը և աշխատատեղերի ավելացումը պետք է հնարավորինս արագ ապահովվեն համավարակից հետո, քանի որ Հայաստանը և հայ ժողովուրդը աշխատատեղերի և տնտեսական աճի կարիք ունեն այս ճգնաժամը հաղթահարելու համար», - ասել է Եվրամիության հանձնակատարը՝ պարզաբանելով, որ իրենք ցանկանում են ստեղծել առևտրային ուղիներ և կապակցվածություն եվրոպական շուկաների և եվրոպական տնտեսության հետ, որի միջոցով կկարողանան այս տարածաշրջանը շատ ավելի արագորեն մոտեցնել Եվրամիությանը:
«Մեր ծրագրով սեղանին դրվում է 2,3 մլրդ եվրոյի դրամաշնորհներ ողջ տարածաշրջանի համար, և ծրագրով հնարավոր է մեր միջազգային գործընկերների հետ միասին համախմբել առնվազն 17 մլրդ եվրոյի ներդրումներ ամբողջ տարածաշրջանի համար», - ասաց հանձնակատարը՝ նշելով, որ Հայաստանի պարագայում Եվրոպական միությունը առաջարկում է 5 առաջնահերթ ծրագիր:
«Առաջնահերթ հատուկ ծրագրեր», Օլիվեր Վարհեիի խոսքով, նշանակում է ներդրումների հիմնական ոլորտներ, բարեփոխման կարևոր ոլորտներ, որոնց միջոցով առաջիկա 4-5 տարիների ընթացքում տեղի իրողությունը կարող է զգալիորեն փոխվել Հայաստանի բնակչության համար, քանի որ կլինի աճ, կլինեն աշխատատեղեր, և մարդիկ լրիվ այլ՝ ավելի ուժեղ, ավելի դիմադրողունակ տնտեսություն կունենան:
Հանձնակատարը պարզաբանեց, որ Հայաստանին հատկացվող օգնության ծրագիրը ներառում է տրանսպորտային կապերի բարելավումը, հարավային շրջանների վերականգնում և դիմադրողունակության բարձրացում, էներգախնայողություն, վերականգնվող էներգետիկա, թվային վերափոխում և աջակցություն փոքր և միջին ձեռնարկություններին:
«Կարծում եմ՝ այս ծրագիրը լրջագույն հնարավորություն է ստեղծում Հայաստանի համար, և ես լիահույս եմ, որ մենք կարող ենք վարչապետի և փոխվարչապետի հետ ակտիվորեն աշխատել, որպեսզի սա իրականություն դառնա: Արդյունքներն ապահովելու համար 4 տարի ժամանակ ունենք: Ես իմ կողմից պատրաստ եմ», - նշեց Օլիվեր Վարհեին:
Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին, որի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է, այսօր՝ հուլիսի 9–ին, հանդիպում է ունեցել Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի հետ, որի արդյունքներով կողմերը հանդես են եկել հայտարարություններով:
Եվրոպական հանձնակատարի այցի ընթացքում, ինչպես տեղեկացրել է փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը, մտքեր են փոխանակվել Հայաստանի և Եվրոպական միության միջև ծավալված ակտիվ համագործակցության, գործընկերության ընթացիկ օրակարգի, ինչպես նաև հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակի շուրջ: Կողմերը անդրադարձել են 2020 թվականին ի հայտ եկած ծանր մարտահրավերներին, մասնավորապես՝ 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմին, ինչպես նաև կորոնավիրուսի համավարակին և հետկորոնավիրուսային ճգնաժամի հաղթահարմանը: