ՌԴ-ն պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման աշխատանքների մեկնարկին. Զախարովա
Ռուսաստանը պատրաստ է խորհրդատվական աջակցություն տամադրել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման աշխատանքները սկսելու համար` դրան հաջորդող սահմանագծմամբ՝ երկու երկրների միջև հակամարտության շուտափույթ լուծման համար: Այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Որպես այս խնդրի կայուն և երկարաժամկետ լուծում՝ մենք տեսնում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման աշխատանքների շուտափույթ մեկնարկը՝ դրան հաջորդող սահմանագծմամբ: Մենք պատրաստ ենք տրամադրել անհրաժեշտ խորհրդատվական աջակցություն, ներկա դրությամբ շարունակվում են շփումներն արտաքին քաղաքական և պաշտպանության գերատեսչությունների, ինչպես նաև սահմանապահ ծառայությունների գծով՝ լարվածությունը թուլացնելու նպատակով», - ասել է նա:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ իրավիճակը, որը ստեղծվել է երկու երկրների սահմանին, ուղղակիորեն կապված է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հետ, այլ հետևանք է սահմանի իրավական ձևակերպման բացակայության:
«Իրավիճակը ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում մնում է համեմատաբար կայուն: Առանձին միջադեպերն անհապաղ լուծվում են ադրբեջանցի և հայ գործընկերների հետ փոխգործակցությամբ: Ռուս խաղաղապահների նկատմամբ սադրիչ գործողություններ չեն արձանագրվել», - հավելել է Զախարովան: