Ռեկորդային թվով հայ շախմատիստներ են մեկնարկում աշխարհի գավաթի խաղարկությունում
Ռուսաստանի Սոչի քաղաքում կմեկնարկեն շախմատի աշխարհի տղամարդկանց և կանանց գավաթի խաղարկությունները։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ`տղամարդկանց խաղարկությունում Հայաստանը կներկայացնեն 5 շախմատիստ՝ Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Հովհաննես Գաբուզյանը, Հայկ Մարտիրոսյանը և Շանթ Սարգսյանը։ Նշենք, որ այս թիվը ռեկորդային է Հայաստանի համար։ 2005 թվականից անցկացվող աշխարհի գավաթի խաղարկություններում հայ մասնակիցների թիվն առավելագույնը եղել է 4։
Կանանց մրցաշարում Հայաստանը կներկայացնի Հայաստանի կանանց հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը։
Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունն այս տարի անցկացվում է ռուսաստանյան Սոչի քաղաքում: Տղամարդկանց մրցաշարին մասնակցում են 206, իսկ կանանց մրցաշարին 103 մասնակից: Այն կեզրափակվի օգոստոսի 6-ին: