Հայաստանն առցանց տաղավարով մասնակցում է Կաննի կինոշուկային
Կաննի միջազգային 74-րդ կինոփառատոնի Marché du Film կինոշուկայի առցանց հարթակում հուլիսի 6-15-ը տաղավարով ներկայանում է նաև Հայաստանի ազգային կինոկենտրոնը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կինոկենտրոնից հայտնում են, որ ֆիլմերի առք ու վաճառքով, դիստրիբուցիայով զբաղվող աշխարհի ամենահին ու խոշոր այս կինոշուկան 2021-ին աշխատելու է հիբրիդային (խառը) եղանակով (մասնակիցները կարող են ներկա գտնվել շուկայում կամ աշխատել հեռավար)։
Հայաստանն այս տարի ընտրել է մասնակցության առցանց ձևաչափը, որի նպատակով էլ չափազանց սեղմ ժամկետներում աշխատանքային թիմը պատրաստել է առանձին օնլայն-էջ (տաղավար) Marche’ du Film-ի կայքում:
Ըստ Հայաստանի ազգային կինոկենտրոնի պատասխանատուների՝ Հայաստանի մասնակցությունը Կաննի կինոշուկային կարևոր և պարտադիր է: Սակայն, պայմանավորված երկրում առակա ծանր իրավիճակով (հետպատերազմական և ֆինանսական ), որոշում է կայացվել 2021-ին կինոշուկայում ունենալ առցանց ներկայություն:
Marche’ du Film-ում առցանց-էջի տարածքի, օնլայն տաղավարի, օնլայն կատալոգի ֆինանսական ծախսերը հոգացել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:
Marche’ du Film-ի հայկական հարթակը հնարավորություն կընձեռի Կաննի կինոշուկայում հավատարմագրված մասնագետներին ծանոթանալ հայկական կինոարտադրանքին, միաժամանակ հետադարձ կապի և օնլայն-հարթակում տեղ գտած ինֆորմացիայի միջոցով անմիջական կապ հաստատել ֆիլմերի պատասխանատուների հետ։
Marche' du Film կայքում տեղադրված հայկական օնլայն էջը (տաղավար) միաժամանակ ակտիվ հղումով կապված է Ազգային կինոկենտրոնի և CINANDO-ի կայքերի հետ։ Հայկական էջը ունի մի քանի բաժիններ, այդ թվում՝ 2020-2021թթ. Ազգային կինոկենտրոնից աջակցություն ստացած և տարբեր արտադրական փուլերում գտնվող 73 կարճամետրաժ, լիամետրաժ, անիմացիոն ֆիլմերի ընդարձակ կատալոգ:
Հայկական ֆիլմերի բաժնում ընտրված են լիամետրաժ (ավարտված) և հետարտադրական փուլում գտնվող 12 աշխատանք: Էջն ունի նաև «Հայկական փառատոններ», «Կինոժառանգություն» և «Հայաստանի տեսարժան վայրեր» բաժինները:
Կինոշուկայի համար պատրաստված կատալոգը ամբողջովին ինտերակտիվ է: Առցանց էջից կարող են օգտվել միայն Կաննի կինոշուկայում հավատարմագրված անձինք՝ վաճառքի մասնագետները, դիստրիբյուտորները և այլք։